Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր՝ ապրիլի 7-ին, ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային:
Ինչպես հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից, Սեյրան Օհանյանը շնորհավորել է նրան Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորություններին: Դեսպանը հավաստիացրել է, որ պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացմանն ուղղված անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն:
Անդրադարձ է կատարվել նաեւ վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների արդյունքում տեղի ունեցած զարգացումներին:






























