Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն տեղական մեքենաշինական գործարաններում արտադրվող տեխնիկայի ցուցադրությանը մասնակցելուց հետո պաշտոնյաներին արգելել է արտասահմանյան արտադրության ծառայողական ավտոմեքենաներ գնել: Այս մասին հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն:
Նա պարզաբանել է, որ մեքենաների փոխարինումը պետք է տեղի ունենա աստիճանաբար՝ անհրաժեշտության դեպքում, քանի որ միաժամանակ բոլոր պաշտոնյաների մեքենաները փոխելու դեպքում չարդարացված ծախսեր կառաջանան:
«Հարկավոր է մեր ավտոմեքենաները գնել, առավել եւս, որ դրանք երկու անգամ ավելի էժան են գերմանականներից»,- ընդգծել է Լուկաշենկոն:
Նախագահն այս որոշումը կայացրել է՝ դիտելով ներկայացուցչական դասի Geely ավտոմեքենաները, որոնց արտադրությամբ 2016 թվականի երրորդ եռամսյակից զբաղվելու է «ԲելՋի» ընկերությունը: 2011 թվականին այն համատեղ արտադրության մասին պայմանագիր է կնքել չինական Zhejiang Geely Holding Group կորպորացիայի հետ: Geely մեքենաները հավաքվելու են Մինսկի մարզի Բորիսով քաղաքի «Ավտոհիդրոուսիլիտել» գործարանում:




























