Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը խոստովանել է, որ մինչեւ պաշտոնը ստանձնելը հոր օֆշորային հիմնադրամում շուրջ 30 հազար ֆունտ արժողությամբ բաժնետոմսեր է ունեցել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Independent-ը:
Քեմերոնն ընդգծել է, որ կցանկանար անկեղծ լինել իր անցյալի, ներկայի եւ ապագայի հարցում, քանի որ «թաքցնելու ոչինչ չունի»:
Ավելի վաղ Էքսեթերի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը Քեմերոնն ակնարկել էր հարկերի վճարման հարցում իր «անձնական փորձի» մասին:
Դեւիդ Քեմերոնը հասարակական ճնշման սկսեց ենթարկվել այն բանից հետո, երբ ապրիլի 3-ին OCCRP-ն լայնածավալ հետաքննություն հրապարակեց օֆշորային գործարքներին համաշխարհային առաջնորդների, քաղաքական գործիչների, մարզիկների եւ մշակութային գործիչների մասնակցության մասին: «Պանամայի փաստաթղթերում» նշվում է նաեւ Քեմերոնի հոր անունը:




























