Ադրբեջանական կողմի հետ բանակցություններում առաջընթաց գրանցելու համար շփման գծում մշտադիտարկում է անհրաժեշտ։ Այս մասին ապրիլի 8-ին՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

Նա նշել է, որ ՀՅԴ-ն միշտ խաղաղարար վերահսկողության կողմնակից է եղել։ Դա թույլ կտա տարածաշրջանում խաղաղության պահպանումը վերահսկել ավելի լիարժեք, քան հիմա։ «Մենք միշտ միջազգայնորեն ընդունված մեթոդներով նման հսկողության կողմնակից ենք եղել։ Սակայն որպեսզի դա թղթի վրա չմնա, պետք է դրա իրականացման մեխանիզմներ լինեն։ Մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք նման մեխանիզմ ստեղծելու՝ շփման գծի ողջ երկայնքով ժամանակակից տեխնիկա տեղակայելու մասին։ Դա թույլ կտա արձանագրել, թե ով է խախտել հրադադարի ռեժիմն այդ պահին։ Հիմա տեխնիկան ամբողջովին թույլ է տալիս լուծել այդ խնդիրները։ Ադրբեջանը միշտ հրաժարվել է դրանից մեկ պատճառով. այդ դեպքում ներկայիս շփման գիծը ինչ-որ կերպ ֆիքսված կլինի»,- նշել է Ռուստամյանը։

Նրա կարծիքով հենց այդ պատճառով Բաքուն ուզում է փոխել ստատուս քվոն՝ եւ՛ բանակցային գործընթացում՝ ԵԱՀԿ ՄԽ-ին մեղադրելով, եւ՛ տեղում, եւ՛ գծում։ Դա նրան չի հաջողվել, սակայն նա իր նպատակից չի հրաժարվել։ «Հակամարտությունների լուծման միջազգային փորձին համապատասխան, անկախ Բաքվի ցանկությունից, գիծը պետք է մնա այն, որը եղել է նախքան ապրիլի 1-ը»,- հավելել է Արմեն Ռուստամյանը։