Եթե իրավիճակը վատանա՝ ԵԱՀԿ-ն պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հարցով նոր հատուկ նիստ անցկացնել, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը:
«Մենք երկուշաբթի հատուկ նիստ ենք ունեցել: Մշտական խորհուրդը ամեն շաբաթ հանդիպումներ է անցկացնում ու քննարկում բոլոր հարցերը: Երեկ մշտական խորհուրդը քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը: Եվ հաջորդ շաբաթ էլ այն կքննարկենք»,- ասել է նա:
Զանյերը շեշտել է, որ ԵԱՀԿ մշտական խորհրդի նոր հատուկ նիստը՝ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ կկայանա, «երբ նրանք վերադառնան» տարածաշրջանից:
«Իհարկե, եթե իրավիճակն այնտեղ բացասական ընթացք ստանա, մենք պետք է հատուկ նիստ անցկացնենք: Իսկ հակառակ դեպքում մենք դեռ ոչինչ չենք ծրագրում մինչեւ համանախագահների վերադարձը»,- հավելել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը:




























