Հայաստանի համար հիմա հարմար պահ է, որ Ռուսաստանի առաջ բարձրացնի Ադրբեջանին զենք վաճառելու հարցը: Այս մասին ապրիլի 8-ին ԱԺ ավանդական ճեպազրույցներում հայտնել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նրա խոսքով, հիմա այս մասին մտահոգություն են հայտնում նաեւ Ռուսաստանում՝ ընդ որում բավականին բարձրաստիճան անձինք՝ օրինակ Դաշնության խորհրդի պաշտպանության ու անվտանգության հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Ֆրանց Կլինցեւիչը: Եվ հիմա հարցը լուծելու համար բարենպաստ իրավիճակ է ստեղծվել: «Իսկ եթե խոսենք Ռուսաստանի՝ որպես ռազմական դաշնակցի վարքագծի մասին, ապա նույն ձեւով են իրենց դրսեւորել նաեւ մյուս երկրները: Այդ նույն Միացյալ նահանգները զենք էր վաճառում Հունաստանին ու Թուրքիային, ընդ որում այդ երկրների միջեւ ամենաուժեղ լարվածության պահերին: ԱՄՆ-ն միաժամանակ զենք է վաճառել նաեւ Իսրայելին ու Եգիպտոսին, բայց դա իհարկե արդեն այդ երկրների միջեւ հակամարտությունից հետո էր: Եվ առհասարակ ռազմական դաշնակիցները երբեք լիովին գոհ չեն լինում իրարից: Բայց պետք է մտածել ոչ թե իրականի, այլ հնարավորի մասին: Կա՞ արդյոք հնարավոր դաշնակից, որն իրոք անվտանգության ավելի ամուր երաշխիքներ կառաջարկի»,- ասել է Զուրաբյանը: