Ռուսաստանը առաջատար դեր է կատարել Լեռնային Ղարաբաղում հրադադար ապահովելու գործում: Այս մասին Մոսկվա – Վիեննա տեսակամուրջի ընթացքում հայտնել է ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Արդեն կա մեկ կարեւոր արդյունք՝ հրադադարը,- ասել է նա,- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նման ուշադրության, նաեւ տվյալ գործընթացում Ռուսաստանի առաջատար, «շարժիչի» դերի պայմաններում հակամարտության կողմերը հասկացան, որ մարտական գործողությունները շարունակելն անհեռանկարային է»:
Դիվանագետի խոսքով «հիմա խաղաղ գործընթացի համանախագահների համար կարեւոր է ամրագրել այն ( հրադադարը) ու անցնել վստահության միջոցառումների ամրապնդմանն ուղղված քայլերին, մշակել կարգավորման սկզբունքները, որոնք ի դեպ վաղուց էին դրված բանակցությունների սեղանին: Նույնիսկ բարդ 1990-ականներին էր հաջողվել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթաց սկսել»:




























