Լեռնային Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայելու մասին որոշումը կարող է ընդունվել միայն խնդրի քաղաքական կարգավորումից հետո : Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Արդեն վաղուց ընդհանուր գծերով մշակված են տարածաշրջանում խաղաղություն պահպանելու համար խաղաղապահների գործողության պարամետրերը, ինչը բնականաբար հնարավոր է միայն քաղաքական կարգավորում ապահովելուց հետո»,- ասել է նա Մոսկվա- Վիեննա տեսակամուրջի ընթացքում :

Լուկաշեւիչի խոսքով Վիեննայում գործում է այսպես կոչված Բարձր մակարդակի պլանավորման խումբ, որտեղ աշխատում են ռազմական փորձագետներ,մշակելով ապագա հնարավոր խաղաղաստեղծ գործողության պարամետրերը:

«Թե ինչպիսին այն կլինի, ինչ ձեւաչափերով, դեռ պետք է քննարկվի: Առայժմ դրանք ընդամենը ռազմական փորձագետների կողմից քարտեզի վրա արված նշումներ են այն մասին, թե ինպիսին կարող էր լինել խաղաղապահ գործողության կոնֆիգուրացիան»,- նշել է ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը:

Նա ասել է, որ «Եթե գործը հասնի դրան, դա իհարկե պատմական փորձ կլինի հենց ԵԱՀԿ-ի համար, որը երբեք ոչ մի խաղաղապահ գործողություն չի արել, չնայած նման գործողության մանդատ ունի՝ Բարձրագույն մակարդակում նախկին որոշումների տեսքով»: