ԵՄ-ն պատրաստ է ծրագրեր իրականացնել ՀՀ օմբուդսմենի գրասենյակի հետ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 8-ին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին:
ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել է նաեւ պատվիրակության գրասենյակի ներկայացուցիչ Անդրեա Խալուպովան:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների օրենսդրական եւ գործնական ամրապնդման, ինչպես նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, մասնավորապես՝ մարզային ստորաբաժանումների կարողությունների զարգացման հարցեր:
Դեսպան Պ. Սվիտալսկին կարեւորել է իրավունքների եւ ազատությունների ապահովման գործում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի նշանակությունը, ինչպես նաեւ պատրաստակամություն հայտնել իրականացնել ծրագրեր երկկողմ համագործակցության շրջանակներում:
Արման Թաթոյանը, ընդգծելով Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի կարողությունների ամրապնդման գործում Եվրոպական միության պատվիրակության դերը, հաստատել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրեր նախաձեռնելու եւ համագործակցության ոլորտներն ընդլայնելու իր պատրաստակամությունը:




























