ԼՂՀ ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծում վերջին օրերի իրադարձությունների ու պաշտոնական Անկարայի ռազմատենչ հայտարարությունների ֆոնին ակնհայտ դարձավ, որ Թուրքիան էսկալացիայի հարցում ամենաշահագրգռված երկիրն է այս տարածաշրջանում, մինչդեռ մի շարք հայ քաղաքագետներ ու քաղաքական գործիչներ փորձում են Թուրքիայի ու Ադրբեջանի փոխարեն այլ մեղավորների գտնել: Այս մասին NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
ՀՀԿ պաշտոնական ներկայցուցիչը նշել է, որ քաղաքական գործիչներն ու քաղաքագետները պետք է բացառապես հայամետ տամադրվածություն ունենան ու ոչ թե բաժանվեն արեւմտամետների ու ռուսամետների, ու առավել եւս երկրում չպետք է լինեն քաղաքական գործիչներ, որոնք արդարացնում են Թուրքիայի գործողությունները:
Վերլուծելով ԼՂՀ ու ադրբեջանի ԶՈւ շփման գծում վերջին օրերի իրադարձությունները, Շարմազանովը հայտարարեց, որ հակառակորդի նպատակը բլիցկրիգն էր, որի արդյունքներով պետք է Լեռնային Ղարաբաղի մի քանի շրջաններ գրավեր: «Չնայած այդ նպատակին հասնելու համար նրանք պետք է իրենց համար թանկ գին վճարեին, բայցեւայնպես դա Ադրբեջանի բնակչությանը կներկայացվեր որպես երկար սպասված հաղթանակ ՝ «հերոս Ալիեւը իրականացրել է ժողովրդի երազանքները» կարգախոսի ներքո: Սակայն ՊԲ-ի շնորհիվ Ալիեւի ծրագրերը ձախողվեցին»:
Էդուարդ Շարմազանովի խոսքով, համաշխարհային համայնքի համար վերջին օրերին նաեւ ակնհայտ է դարձել Թուրքիայի ռազմատենչ մոտեցումը ղարաբաղյան հարցի նկատմամբ. «Անկարան բարձրագույն պաշտոնատար դեմքերի մակարդակով այս օրերին բազմիցս հայտարարեց այն մասին, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում: Այս մասին հայտարարեցին եւ՛ Էրդողանը, եւ՛ Դավուդօղլուն, եւ՛ Չավուշօղլուն»:
ԱԺ փոխխոսնակը եւս մեկ անգամ հիշեցրեց, որ հենց Թուրքիան է ավելի քան երկու տասնյակ տարիներ Հայաստանին շրջափակման մեջ պահում Ղարաբաղի պատճառով, Թուրքիան է ձախողել հայ- թուրքական արձնագրությունները, առաջ քաշելով իբրեւ գրավյալ տարածքները ազատելու նախապայմանը: Թուրքիան ամեն ինչում ու միշտ օգնում է Ադրբեջանին: «Ակնհայտ է, որ առաջին հերթին հենց Թուրքիան է շահագրգռված շփման գծում լարվածության մեջ: Հայաստանի համար այս տարածաշրջանում երկու սպառնալիք կա ՝ Ադրբեջանն ու Թուրքիան: Բոլորին հայտնի է, որ Թուրքիան աջակցում է ահաբեկիչներին, դրանով իսկ լուրջ սպառնալիք դառնալով տարածաշրջանի համար: Բացի դրանից Թուրքիան շարունակում է ԵՄ անդամ երկիր Կիպրոսի տարածքի 35 տոկոսի օկուպաացումը: Հենց Թուրքիան է խոցել ռուսական օդանավը Սիրիայում ահաբեկիչներին աջակցելու համար: Եվ վերջապես հենց Թուրքիան է պաշտպանել Ադրբեջանի բարբարոսական վարքագիծը վերջին օրերին»,- ասել է ՀՀԿ մամուլի քարտուղարը:
Միաժամանակ նա զարմանք է հայտնել, որ այս ֆոնին հայտնվել են քաղաքական գործիչներ ու քաղաքագետներ, որոնք ներկայանում են որպես սատանայի դատապաշտպաններ ՝ արդարացնելով Թուրքիայի գործողությունները: «Ցավոք, մեր պատմության դասերը մեզ ոչինչ չեն սովորեցնում: Մինչդեռ պատմությունը կրկնվում է: 100 տարի առաջ մի շարք հայ քաղաքական գործիչներ հրապարակեցին հոդվածներ այն մասին, որ «Թուրքիան Կովկասի ժողովուրդների փրկիչն է Ռուսաստանից»: Մինչդեռ հենց այդ «պաշտպանը» սպանեց 1.5 մ:ն հայերի, իրականացնելով Ցեղասպանություն: Հենց Թուրքիան է ՝ Քեմալ Աթաթուրքի ղեկավարությամբ հարձակվել Հայաստանի վրա: Թուրքական զորքերը ՝ Կյազիմ Կարաբեքիրի ղեկվարությամբ գրեթե գրավել էին Ալեքսանդրապոլը ( ներկայիս Գյումրին-խմբ): Ոչինչ չի փոխվել . ինչպես մեկ դար առաջ, այդպես էլ հիմա, Թուրքիան իրականացնում է պանթուրքիզմի քաղաքականություն, այս անգամ բացահայտ աջակցություն ցուցաբերելով Ադրբեջանին: Ուրիշ ի՞նչ պետք է անի Թուրքիան, որպեսզի ակնհայտ լինի, որ նա շահագրգռված է շփման գծում լարվածություն ստեղծելու հարցում»,- ամփոփել է ՀՀԿ պաշտոնական ներկայացուցիչը:




























