Լրատվամիջոցները հրապարակել են Ռուսաստանի կողմից Հայաստանին ու Ադրբեջանին վաճառվող սպառազինումների ցանկը։

Ադրբեջանը 2000-ականներից սկսած ակտիվ զենք էր գնում Ռուսաստանից, սակայն պայմանագրերի առավել խոշոր փաթեթը ստորագրվել է 2010 -ականների սկզբին  ու գնահատվում էր առնվազն չորս մլրդ դոլար: Դրանով Բաքուն ստացել է մոտավորապես 100 հատ Տ-90Ս  տանկ,  100 հատ ՀՄՄ-3, 18  նմուշ «Մստա Ս» 2Ս19Մ1 ինքնագնաց հրետանային սարքավորում,  18 նմուշ «Վեսնա» 2Ս31 ինքնագնաց հրետանային սարքավորում, 18 նմուշ 9Ա52 «Սմերչ»  տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 18 նմուշ ՏՈՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանոթային  համակարգ, 10 նմուշ «Քրիզանթեմ Ս» հակատանկային մարտական մեքենա եւ 300 նմուշ «Իգլա Ս» շարժական զենիթահրթիռային համալիր՝ 1500 հրթիռներով եւ ինժեներա-սակրավորային տեխնիկայի մեծ կոմպլեկտ, փոխանցում է Lenta-ն։

Բացի այդ Ադրբեջանին են փոխանցվել «Ֆավորիտ» տեսակի Ս-300 ՊՄՈւ-2 հեռահար զենիթահրթիռային համակարգի 2 գումարտակ եւ մի քանի մարտկոց «Տոր-Մ2Է» զենիթային համալիր։ ՌՕՈւ-ն ստացել են 60 նմուշ Մի-17 տրանսպորտային ուղղաթիռ եւ 24 նմուշ  Մի-35Մ հարվածային ուղղաթիռ։

Հայաստանի գնած զենքն ավելի համեստ ցանկ ունի։ Հայտնի է, որ վերջին տարիներին Հայաստանը ստացել է Տ-72 Բ նմուշի 35 տանկ եւ չճշտված նմուշի 100 մարտական մեքենա (փորձագետները կարծում են, որ դա կարող է լինել զրահափոխադրիչ 80 կամ մոդեռնիզացված ՀՄՄ-2), 50 շարժական զենիթահրթիռային համալիրներ։

Ավելի վաղ որոշում էր կայացվել Երեւանին 200 մլն դոլար արտահանման վարկ տրամադրել ռուսական սպառազինություններ գնելու համար։ Գործարքը մինչեւ հիմա չի իրականացվել։ Նախօրեին Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման ժամանակ նրան խնդրել է արագացնել ՀՀ-ին զենքի տրամադրման համաձայնագրի կնքման գործընթացը։ «Մենք շնորհակալ ենք ռուսական կողմից պետական արտահանման վարկի տրամադրման համար` Հայաստանի կարիքների համար ռազմական արտադրանքի մատակարարման ֆինանսավորման նպատակով: Սակայն, համաձայնության կատարաման գործընթացում կան որոշակի դանդաղումներ, այդ պատճառով ձեզ խնդրում եմ «Ռոսոբորոնէքսպորտ»-ին հրահանգներ տալ համաձայնագիրը կնքելու վերաբերյալ»,- ասել է Աբրահամյանը։

Նշենք, որ նախօրեին Երեւանում նախագահ Սերժ Սարգսյանը Մեդվեդեւին հայտարարել էր, որ Հայաստանում մեծ արձագանք է առաջացրել փաստը, որ ադրբեջանցիներն ապրիլին սանձազերծած ագրեսիայի ժամանակ ամբողջությամբ գործի են դրել Ռուսաստանից վերջին շրջանում գնած զենքը։ Արդեն այսօր Մոսկվան պատասխանել է: ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի Ադրբեջանին զենք վաճառել կնքված պայմանագրերի համաձայն՝ որպես իր ռազմավարական գործընկերոջ։