ԼՂՀ կառավարությունը հոգ է տանում Թալիշ եւ Մատաղիս գյուղերից տարհանված բնակիչների մասին. Արտակ Բեգլարյան

 

Ուրախ եմ տեսնել, որ փոխօգնությունը հայության մեջ տիրապետող բնութագրիչ գիծ է: Շնորհակալություն բոլոր աջակիցներին՝ անկախ օգնության չափից...

 

ԼՂՀ կառավարությունը հոգ է տանում ռազմական գործողությունների հետեւանքով հատկապես Թալիշ եւ Մատաղիս գյուղերից տարհանված բնակիչների մասին, ըստ կարիքի՝ ցուցաբերվում է համապատասխան օժանդակություն: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը:

«Մասնավորապես՝ տասնյակ ընտանիքներ ապահովվել են կացարանով, իսկ շատ ավելի ընտանիքների պարբերաբար սնունդ է մատակարարվում: Բացի դրանից, տարհանված քաղաքացիների համար Ստեփանակերտի սննդի օբյեկտներից մեկում անվճար սնունդ է պատրաստվում, եւ բոլոր ցանկացողներն ամեն օր օգտվում են այդ հնարավորությունից: Կենցաղային իրերի եւ հագուստի հարցում էլ է օգնություն տրամադրվում բոլոր կարիքավորներին օպերատիվ շտաբի կողմից»,-գրել է նա՝ շնորհակալություն հայտնելով բոլորին Արցախի հանդեպ այդքան սիրո ու նվիրվածության համար:

«Ուրախ եմ տեսնել, որ փոխօգնությունը հայության մեջ տիրապետող բնութագրիչ գիծ է: Շնորհակալություն բոլոր աջակիցներին՝ անկախ օգնության չափից:

Պարբերաբար կտեղեկացնեմ օպերատիվ շտաբ ուղարկված աջակցության բաշխման մասին, որպեսզի համոզված լինեք, որ ամեն մի օգնություն հասնում է իր նպատակին»,-ընդգծել է Բեգլարյանը: