Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ինքնասպան-դրոնների օգտագործման փաստը, կարծես, հաստատվում է: Այս մասին նշված է ֆրանսիական Le Monde պարբերականի բլոգում:
«Իսրայելում արտադրված Harop տիպի անօդաչուն 15 կգ-անոց թռչող ռումբ է, որը կախվում է օդում եւ պայթում, երբ թիրախ է ընտրում:
Լեռնային Ղարաբաղում Monde-ի հատուկ թղթակիցը բազմաթիվ վկայություններ է հավաքել, որոնք, կարծես, հաստատում են ադրբեջանական բանակի կողմից հարձակումների առաջին օրերին այդ զենքի կիրառումը:
Harop անօդաչուն արտադրում է Israeli Aerospace Industries (IAI) ընկերությունը, որը, ընկերության ներկայացուցիչների խոսքով, վաճառվում է տարբեր հաճախորդների, սակայն անուններ չեն նշվում:
Washington Post-ի համաձայն, սա, ըստ էության, իրական մարտերում այս զենքի կիրառման առաջին դեպքն է: Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի վերլուծաբան Ջոզեֆ Դեմփսին հրապարակված տեսանյութի անօդաչուն համադրել է դրա նկարի հետ: Նմանությունը մեծ է:
Ադրբեջանական բանակն այս վկայությունները չի մեկնաբանում»:




























