Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլա Բերդիմուհամեդովը աշխատանքում լուրջ թերացումների համար աշխատանքից հեռացրել է էկոնոմիկայի ու զարգացման նախարար Ելդաշ Շերիփովին, առեւտրի ու արտաքին տնտեսական կապերի նախարար Բայար Աբաեւին, նաեւ հարկային ծառայության ղեկավար Շատլիկ Հումմեդովին, հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Համապատասխան հրամանները պետության ղեկավարը ստորագրել է կառավարության ընդլայնված նիստի ժամանակ, որը նվիրված էր այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներին: Շերիպովը ղեկավարում էր էկոնոմիկայի ու զարգացման նախարարությունը 2015-ի հուլիսից: Աբաեւը եղել է առեւտրի ու արտաքին տնտեսական կապերի նախարար 2010-ի փետրվարից, իսկ Հումմեդովը Պետական հարկային ծառայության նաախագահ է աշխատել 2014-ին հունվարից:

Էկոնոմիկայի ու զարգացման նոր նախարար է նշանակվել Բատիր Բազարովը, որը մինչ այդ ղեկավարում էր նախարարությանն առընթեր Էկոնոմիկայի պաշտպանության գործակալությունը:

Առեւտրի ու արտաքին տնտեսական կապերի նախարար է նշանակվել Դովրան Օրազմիրադովը՝ առեւրաարդյունաբերական պալատի նախագահը:

Իսկ Թուրքմենստանի հարկային գերատեսչության ղեկավար է դարձել Սապարբերդի Գունդոգդիեւը, որը մինչ այդ աշխատում էր այդ գերատեսչության ղեկավարի տեղակալ: