Պորտուգալիայում մշակույթի նախարար Ժուան Սուարիշը հրաժարական է տվել սոցցանցում իր գրառման պատճառով, որը առաջացրել է հասարակության լուրջ քննադատությունը, փոխանցում է Wall Street Journal–ը:

Հինգշաբթի հրապարակված գրառման մեջ նախարարը հայտնել էր որ պետք է գտնի երկու լրագրողներին, որոնք քննադատաբար են արտահայտվել իր աշխատանքի մասին ու նրանց «անձնական ապտակ տա»: «Դա նրանց օգուտ կտա: Ինձ էլ»,- գրել է նա:

Սուարիշը հետագայում ներողություն է խնդրել, հայտնելով, որ ինքը խաղաղասեր մարդ է, սակայն պորտուգալական հասարակությունը պահանջել է քաղաքական գործչի հրաժարականը: Անտոնիու Կոշտան ներողություն է խնդրել Սուարիշի բառերի համար՝ նշելով, որ նախարարները չպետք է մոռանան իրենց կարգավիճակի մասին:

Սուարիշն ինքը հրաժարականի մասին հայտարարության մեջ ասել է, որ մտադիր չէ հրաժարվել իր տեսակետն արտահայտելու իրավունքից: Կոշտան հաստատել է մշակույթի նախարարի հրաժարականը ու հայտնել, որ շուտով նրան փոխարինող կգտնի:

Ուշագրավ է, որ Ժուան Սուարիշը Մարիու Սուարիշի որդին է, որը եղել է Պորտուգալիայի վարչապետ եւ նախագահ: