2009 թ. «Աշխատանքային օրենսգիրքը» ծավալուն փոփոխությունների ենթարկվեց, կարելի է ասել՝ գրվեց նորովի, սակայն իր կարճատեւ կիրառելիության ընթացքում այն հարուցել է գործարարների դժգոհությունը։ Դա պատահական չէ՝ օրենսգիրքը բավական ընդլայնել է աշխատողների իրավունքները ի հաշիվ գործատուների, օրինակ՝ սահմանվել է հավելավճարների պարտադիր վճարում հանգստի օրերին եւ գիշերային հերթափոխով աշխատելու համար։ Սակայն գործարարների դժգոհության մի մասն ունի օբյեկտիվ պատճառներ՝ օրենսգիրքը նույնիսկ փոփոխված տարբերակով զերծ չէ անորոշություններից ու հակասություններից, իսկ Աշխատանքի պետական տեսչությանը տրված լրացուցիչ լիազորությունները ստեղծել են կոռուպցիոն ռիսկեր։
Այդ հարցերը քննարկելու համար սեպտեմբերի 25-26-ին Ծաղկաձորում կազմակերպվել է «Գործարարության աջակցության հիմնահարցերը» թեմայով սեմինար խորհրդակցությունը։ Կազմակերպիչներն են՝ ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատը, ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը, «Գործարար կանանց աջակցման բիզնես կենտրոն» հիմնադրամը և «Ջի Էմ Ջի գրուպը»: Հրավիրվել էին նաեւ մի քանի տասնյակ գործարարներ, հիմնականում՝ փոքր եւ միջին բիզնեսից։
Գործարարների դժգոհության պատճառներից մեկը պայմանագրային հաաբերությունների հետ կապված անորոշություններն են։ Նախկին օրենքով՝ գործատու-աշխատող հարաբերությունները կարգավորվում էին բացառապես աշխատանքային պայմանագրի հիման վրա։ Օրենքի նոր խմբագրմամբ՝ կարելի է մարդուն աշխատանքի ընդունել միայն հրամանով, առանց պայմանագրի կնքման։ Ընդ որում՝ այդ փոփոխությունը, ըստ ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի՝ արվել է գործարարների առաջարկների հիման վրա, որպեսզի խուսափեն ավելորդ թղթաբանությունից։ Սակայն օրենքի հոդվածներից մեկը մարդկանց մոտ շփոթություն է առաջացնում։ Որքան էլ տարօրինակ է՝ մարդիկ չէին հասկանում, թե իրավական ակտերում ինչպես պետք է հասկանալ «ինչպես նաեւ» արտահայտությունը։ Հ. Հակոբյանի մեկնաբանմամբ՝ դա պարզապես համարժեք է «կամ» բառին, սակայն հայոց լեզվի մասնագետները հերքում են այդ արտահայտությունների նույնականությունը։ Այն հարցին, թե ինչու պարզապես «կամ» չի գրվել, Հ. Հակոբյանը բավական օրիգինալ բացատրություն տվեց. «սա նշանակում է օրենքը ժողովրդի լեզվով գրել»:
Մյուս դժգոհությունը կապված էր նույն հիմնարկի մեջ աշխատակիցների աշխատանքի վայրի փոփոխությանը։ Եթե, ենթադրենք, մարդը խանութների ցանց ունի, յուրաքանչյուր անգամ աշխատողին մի խանութից մյուսը տեղափոխելու համար պետք է գրավոր հրաման արձակի։ Սա, գործատուների կարծիքով, ստեղծում է ավելորդ թղթաբանություն, իսկ աշխատանքի տեսչության տեսուչներին առիթ է ընձեռում տուգանքներ նշանակելու։ «Մտրակը տալիս եք տեսուչի ձեռքը, ուղարկում ստուգումներ կատարելու»,- սեմինարի ընթացքում բացականչեց գործարարներից մեկը։ Սակայն օրենքի հեղինակներից մեկը համարվող Հ. Հակոբյանը պնդեց, որ աշխատավայրի ցանկացած փոփոխություն պետք է իրականացվի գրավոր իրավական հիմքով։
Օրենսգրքում անորոշ ձեւակերպումներ կան նաեւ աշխատանքային պայմանագրի ժամկետների վերաբերյալ։ Այսինքն՝ որոշ դեպքերում կարելի է անորոշ ժամկետով պայմանագրեր կնքել կամ աշխատեցնել առանց իրավական հիմքի։ Այս հարցի կապակցությամբ Հ. Հակոբյանը բավական ուշագրավ համեմատություն արեց. «Կենտրոնական բանկը ուղիղ 2 տարի մարդկանց պահում էր անորոշ ժամկետով, որն օրենքով ընդհանրապես նախատեսված չի»:





























