Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումները քայլ առաջ են դեպի Եվրամիություն. Թուրքիայի այս Սահմանադրությունը ավելի լավ եւ ազատական սահմանադրություն է։ Սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը։
Նրա խոսքով, եթե այդ երկրի հին Սահմանադրության կետերից մեկով հնարավոր էր դառնում փակել պետությանն անհաճո այս կամ այն կուսակցությունը, ապա այժմ դա ավելի բարդ է դարձել։ «Նախկին Սահմանադրությամբ կարելի էր արգելել քաղաքական գործչին մինչեւ 5 տարի ժամկետով զբաղվել քաղաքական գործունեությամբ, ինչը 90-ականներին կիրառվել էր Էրդողանի հանդեպ»,- նշեց թուրքագետը՝ կրկնելով, որ բարեփոխումների շնորհին Սահմանադրությունն ավելի ազատական է դարձել։ «Էրդողանը 2011-ի խորհրդարանական ընտրություններից առաջ վստահության քվե ստացավ Թուրքիայի բնակչության ավելի քան 50 տոկոսի կողմից։ Սա, այդ առումով, շատ կարեւոր էր Էրդողանի համար։ Հանրաքվեի միակ թերությունն այն էր, որ այն բոյկոտեցին քրդերը։ Այնուամենանիվ, այն քրդերը, ովքեր գնացին քվեարկելու, կողմ քվեարկեցին բարեփոխումներին, իսկ նրանք, ովքեր բոյկոտեցին, ասում էին, որ բարեփոխումները լավն են, սակայն դրանք բավարար չեն եւ լուծում են միայն իշխանության խնդիրները»:
Ամփոփելով՝ Շաքարյանը նկատեց, որ Սահմանադության նոր փաթեթը ոչ թե Թուրքիային Եվրամիությանը մոտեցնելու միջոց էր, այլ այդ երկրի վարչապետ Էրդողանին 2011 թվականին ընտրված նախագահ դարձնելուն եւ իշխանության դիրքերն ամրապնդելուն ուղղված քայլ։ «Թուրք պաշտոնյաներն իրենք էլ նշում են, որ այսօր ԵՄ անդամակցությունը դադարել է Թուրքիայի համար առաջնայնություն լինել։ Դա այլեւս գլխավոր նպատակ չէ»,- ավարտեց նա։
«Եթե տարիներ առաջ Թուրքիան ձգտում էր Արեւմուտք, ապա այժմ Անկարան կոմպլեմենտար, բազմավեկտոր քաղաքականություն է վարում։ Այս մասին են վկայում նաեւ նրա լավ հարաբերություններն Իրանի եւ մյուս երկրների հետ»,- ամփոփեց նա։





























