Երեւանյան ավտոբուսում պայթյունը կարող է հայ հասարակության արմատականացման հետեւանքը լինել: Այդ մասին ապրիլի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
Նրա խոսքով, հայ հասարակությունում ուժգնանում են արմատական տրամադրությունները: «Հասարակությունը բոլոր ոլորտներում լուրջ փոփոխություններ է պահանջում: Այդ ֆոնի վրա պարանոիդալ երեւույթներ են դիտարկվում, հայտնվում են մարդիկ, որոնք կարծում են, որ փրկությունը հենց նման գործողություններում է», - նշել է Մինասյանը: Նման իրադարձությունների թվին է նա դասել հարձակումը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա, ինչպես նաեւ այն զինված խմբավորման գործը, որին ձերբակալել էին Երեւանում, անցյալ նոյեմբերին: «Առայժմ տեղեկությունները քիչ են, տարբեր վարկածներ են դիտարկվում, այդ թվում` արտաքին գործոնների ազդեցությունը», - հավելել է Սերգեյ Մինասյանը:
Նշենք, որ օրինապահ մարմինները մինչ այժմ նույնիսկ վարկած առաջ չեն քաշել ողբերգական միջադեպի վերաբերյալ: Հիշեցնենք, որ ուղեւորատար ավտոբուսում պայթյունը որոտացել էր Երեւանի ժամանակով 21.51-ին: Այս պահի դրությամբ հայտնի է երկու զոհվածի եւ ութ վիրավորի մասին:





























