Ռուսաստանի ԱԳՆ-ի ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրեն Անդրեյ Կելինը մերկացրել է ադրբեջանցի լրագրողներին` իր խոսքերը խեղաթյուրելու համար եւ կոչ է արել սենսացիաներ կամ գաղտնի մտքեր չփնտրել այնտեղ, որտեղ դրանք չկան:

Նշենք, որ Անդրեյ Կելինը սեպտեմբերի 24-ին շփվել է Հարավային Կովկասի լրագրողների խմբի հետ, որից հետո ադրբեջանական լրատվամիջոցները` մասնավորապես APA-ն եւ Trend-ը, խեղաթյուրել էին նրա խոսքը:

NEWS.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Ռուսաստանի ԱԳՆ-ին, խնդրելով մեկնաբանել ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունները, ըստ որի Կելինն ասել է, որ Հայաստանը չի պնդում, որ Ղարաբաղը մասնակցի բանակցություններին, որովհետեւ դա ոչ կատռուցողական մթնոլորտ կստեղծի: «Նախկինում Հայաստանը կարծում էր, որ Ղարաբաղը պետք է լինի իր մի մասը կամ լինի անկախ պետություն (ընդ որում, այս պահին ոչինչ չի փոխվել. Խմբ.) եւ Ղարաբաղը բանակցությունների ուղղակի կողմ համարելն ուղղակի անհնար է, որովհետեւ Ադրբեջանը կարծում է, որ այն իր անքակտելի մասն է»,- ըստ ադրբեջանական լրատվամիջոցների ասել էր Կելինը:

NEWS.am-ն ստացել է  Անդրեյ Կելինի պատասխանը, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Առաջին հերթին, նշեմ, որ մտադիր չեմ մեկնաբանել այն, ինչ չեմ ասել, կամ այս կամ այն մեկնաբանությունները: Ցավոք, հայտնաբերել եմ եւ այլ սխալներ, որ հրապարակվել են նորությունների հեռագրային գործակալությունների կողմից՝ սեպտեմբերի 24-ին հարավկովկասյան պետությունների լրագրողների մեծ խմբի հետ իմ զրույցի վերաբերյալ: Զրույցը Ռուսաստանի ԱԳՆ-ում տեւել է մոտ մեկուկես ժամ: Մենք ամենատարբեր թեմաներ ենք քննարկել: Հիմնականում՝ 2008թ. օգոստոսյան իրադարձությունների հետեւանքները, Վրաստանի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ հարաբերությունների հեռանկարները: Եղել են մի քանի հարցեր ղարաբաղյան կարգավորման ընթացիկ իրավիճակի վերաբերյալ, որոնք մերթընդմերթ են հնչել: Լավ հիշում եմ, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի թեման այդ հարցերում չի արծարծվել: Իսկ ձեւաչափի մասին, որով ընթանում են կարգավորման բանակցությունները, իսկապես խոսվել է: Ես պատասխանել եմ այն իմաստով, որ բանակցությունները մոտ 20 տարի ընթանում են, ունեն իրենց բարդ պատմությունը եւ, դժվար թե, որեւէ մեկը հիմնավոր գիտի այդ մանրամասները: Այս ընթացքում փոխվել է նաեւ ձեւաչափը: Սկզբնական փուլում, որքան հայտնի է, Ղարաբաղի ներկաայցուցիչները բանակցություններին մասնակցել են: Սակայն վերջին շրջանում դա այդպես չէ: Կողմերը, թերեւս եկել են այն համոզման, որ այսպիսի ձեւաչափը այս փուլում ավելի ռացիոնալ է: Վստահ եմ, որ նաեւ այսօր ղարաբաղցիներն ամենաակտիվ կերպով գործակցում են Երեւանի հետ այդ բարդ խնդրում: Այդուհանդերձ, դա չի նշանակում, որ հետագայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները չեն մասնակցելու բանակցային գործընթացին: Այն մասին, թե երբ այդ պահը կգա, դեռ պետք է պայմանավորվեն հակամարտության կողմերը:

Լրագրողներին էլ խորհուրդ կտայի ավելի ուշադիր լինեն արտահայտություններ ընտրելու հարցում, առավել եւս նման զգայուն խնդրում, ինչպիսին ղարաբաղյան հակամարտությունն է, եւ սենսացիաներ, ենթատեքստեր չփնտրել այնտեղ, որտեղ դրանք չկան: Մեր մոտեցումներում որեւէ փոփոխություն չի եղել»:

Հիշեցնենք, որ ադրբեջանական APA գործակալությունը Կելինի խոսքերը մեկնաբանել էր հետեւյալ կերպ. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների երրորդ կողմ անվանել հնարավոր չէ, այլապես նման ձեւաչափով կողմերը պարզապես չեն կարողանա ինչ-որ բանի շուրջ պայմանավորվել: Իսկապես, Երեւանը նախկինում իր պայմաններում առաջ էր քաշում Ղարաբաղի պարտադիր մասնակցությունը բանակցային գործընթացին: Բայց դա այն փուլում էր, երբ Հայաստանում հիմնականում կարծում էին, թե Ղարաբաղը պետք է լինի Հայաստանի մաս, կամ լիովին անկախ պետություն: Եւ որոշ նախագահների օրոք, անունները չտամ, որոշվել է, որ ավելի լավ է յոլա գնալ առանց դրա, քանի որ դա ոչ կառուցողական մթնոլորտ է ստեղծում: Երկու կողմերը կարող են պայմանավորվել, իսկ նման ձեւաչափով պայմանավորվել հնարավոր չէ»: