Նախաճաշին ոչ մեծ քանակությամբ շոկոլադ ուտելը բարձրացնում է ուղեղի ակտիվությունը՝ ապահովելով դրա արդյունավետ աշխատանքն ամբողջ օրվա ընթացքում: Այս մասին հաղորդել են ամերիկյան գիտնականները:

Ըստ «Ռոսբալտ»-ի, շոկոլադի օգտակարության մասին գիտնականները գիտեին նաեւ նախկինում: Բայց այս անգամ նրանք փորձերի արդյունքում պարզել են, թե այն ինչպես է ազդում ուղեղի աշխատանքի վրա:

Փորձերին շուրջ 50 կամավոր է մասնակցել: Նրանց երկու խմբի են բաժանել եւ մեկ ամիս շարունակ հետեւել:

Առաջին խմբի կամավորներն ամեն օր նախաճաշին շուրջ 100 գրամ շոկոլադ է կերել, իսկ երկրորդ խումբը նախաճաշել է սովորականի նման: Մեկ ամիս շարունակ ամեն շաբաթ փորձի մասնակիցները հատուկ մշակված առաջադրանքներ են ստացել:

Պարզվել է, որ առաջադրանքն ավելի լավ կատարել են այն խմբի անդամները, որոնք նախաճաշին շոկոլադ են կերել: Գիտնականների խոսքով, ուղեղի աշխատանքի վրա այն լավ է ազդում հատկապես վարսակի շիլայի համադրությամբ: