Լոնդոնի բնակչուհուն խնդրել են ազատել աշխատանքային սեղանը՝ բարձրակրունկ կոշիկ հագնելուց հրաժարվելու համար: Այս մասին գրում է The Daily Mirror-ը:

PricewaterhouseCoopers (PwC) աուդիտորական ընկերության ընդունարանում որպես քարտուղար աշխատող Նիկոլա Թորփի խոսքով, իրեն ասել են, որ պետք է առնվազն 5 սմ բարձրությամբ կրունկով կոշիկ հագնի: Երբ 27-ամյա կինը վրդովվել է՝ հայտարարելով, որ այդ պահանջը խտրականության դրեւորում է, քանի որ իր տղամարդ գործընկերներին թույլատրված է հարթ ներբանով կոշիկ հագնել, նրան ծաղրել են:

Ըստ Lenta-ի, երիտասարդ կնոջն առաջարկել են գնալ մոտակա խանութ եւ նոր կոշիկ գնել, բայց նա հրաժարվել է: Այդ ժամանակ նրան հեռացրել են աշխատանքից, ինչպես նաեւ չեն վճարել աշխատավարձը:

Թորփը Parliament.uk կայքում հանրագիր է հրապարակել՝ կոչ անելով գործատուներին արգելել աշխատակցուհիներին ստիպել բարձրակրունկ կոշիկ հագնել: Եթե առաջարկը 100 հազար ստորագրություն հավաքի, այն կքննարկեն խորհրդարանում: