Ժամանակակից հասարակության կարծիքը Թուրքիային միշտ պատկերում է որպես ժամանակակից աշխարհիկ պետություն: Իսկ իրականում քեմալական Թուրքիան ոչ միայն հակված է ֆաշիստական բռնակալության, այլ ստեղծվել է իսկական ցեղասպանությունների վրա: Այս մասին գրում է իտալական l’Avvenire պարբերականը:

Նախ՝ հայերի կոտորածը, իսկ հետո՝ պոնտացի հույների: Հայոց ցեղասպանության մասին փոքր-ինչ հրապարակային համարձակվեցին խոսել միայն վերջին տարիներին: Հույների ցեղասպանության մասին մինչեւ հիմա քչերը գիտեն: Թուրքիան այս դեպքում նույնպես հրաժարվում է ընդունել պատմական պատասխանատվությունը:

Հունական ծագմամբ իտալացի լրագրող Մարիա Տացոսն օրերս կույր ատեության եւ լռության զոհերի մասին գիրք լույս ընծայեց: Այն կոչվում է La ragazza del Mar Nero («Աղջիկը Սեւ ծովից»):

Միայն վերջին տարիներին է Տացոսն իմացել, որ հորական կողմից սերում է Պոնտոսի ուղղափառ հույներից, որոնց արտաքսել են իրենց հողից եւ որոնք բնակություն են հաստատել Մակեդոնիայում:

Այդ ողբերգության մասին ընտանիքում չեն խոսել, եւ Մարիան երկար ժամանակ դրա մասին ոչինչ չի իմացել:

«Միայն մի անգամ, երբ 7 տարեկան էի, տատիկս ասաց, որ իր հայրենիքն Օրդուն է (շրջան ժամանակակից Թուրքիայի հյուսիսում, Տրապիզոնից ոչ հեռու - խմբ.): Այնտեղ մենք հրաշալի տուն ենք ունեցել՝ եկեղեցու կողքին, ծովից երկու քայլ այն կողմ: Այնտեղ է մեր հողը, ոչ թե այստեղ, հիշեք»:

Հենց Մարիայի տատն է՝ Էրատո Էսպելիդիսը, հայրենիքի մասին այս պատմության ուղեցույցն է:

Նա Տրապիզոնում է եղել, երբ 2006 թվականին սպանվել է իտալացի քահանա Անդրեա Սանտորոն: Նրան սպանել է ծայրահեղական մահմեդականը:

Հայ համայնքը, իսկ նրանից հետո՝ նաեւ հունականը, ջնջվել են երկրի երեսից: 700 հազար ուղղափառ պոնտացի հույներից ցեղասպանությունը վերապրել է շուրջ կեսը: Նրանց մի մասը Ռուսաստան է հասել, որտեղ մի ողբերգությանը մյուսն է հետեւել. 1937 թվականին նրանց ձերբակալել եւ Սիբիր ու Միջին Ասիա են աքսորել: Բայց Թուրքիան վատթարագույնն է արել. մարդկանց մահվան երթի է քշել:

Տացոսը գրում է. «Նախ նրանց տաք բաղնիք են տարել՝ հիգիենայի պատճառաբանությամբ, այնուհետեւ առանց հագուստի սառնամանիքի տակ թողել: Պոնտոսում ձմռանը մինչեւ 20 աստիճան ցուրտ է լինում:

Այդպես նրանք ժամերով կանգնել են, մինչեւ նրանց պատվաստել են տիֆի դեմ՝ բոլորին մեկ ասեղով:

Ողջ մնացածներին տվել են նրանց՝ դեռեւս թաց հագուստները, որոնցով մարդիկ պետք է 12 ժամ քայլերին ձյան միջով»:

Մակեդոնիայում ամեն ինչ կորցրած փախստականներին նոր կյանք էր սպասում:

1989 թվական: Էրատո տատը մահվան շեմին է, 93 տարեկան է: Նա արդեն կույր է: Վերջին ցանկությունն իր տունը տեսնելն է:

«Պիգմալիոն հորեղբայրս բռնեց նրա ձեռքն ու տարավ պատշգամբ, որտեղ նա 60 տարի ապրել էր՝ իրեն փախստական զգալով: «Ահա, մայրիկ, Օրդուում ես՝ տանը: Տեսնո՞ւմ ես ծովը»,- հարցրեց հորեղբայրս:

«Այո՛, տեսնում եմ»:

Ես հավատում եմ, որ նա իսկապես տեսավ: Ե՛վ ծոը, ե՛ւ տունը, ե՛ւ այգին: Նաեւ եկեղեցին, դեպի Սեւ ծով բացվող պատուհաններով դպրոցը»:

«Իմ Էրատո տատի պատմությունը մի կաթիլ է միայն ողբերգության հսկայական ծովում: Այս գիրքը պետք է հիշատակի տուրք դառնա, որպեսզի ոչ ոք չմոռանա եւ հիշի, թե անցյալի հանցագործությունները որքան նման են մեր ժամանակների հանցագործություններին:

Բայց այդ գիրքը նաեւ հույսի մասին է, քանի որ այն հասարակությունը, որը կարողանում է ընդունել, կարող է ավելի հարուստ դառնալ: Քանի որ նաեւ մեր պապերն ու նախապապերն են փախստական, միգրանտ, օտար եղել: Եվ եթե նրանց հաջողվել է նոր կյանք սկսել, ապա միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկը նման հնարավորություն է ընձեռել: Հյուրընկալությունը, որով ապրել են մեր նախնիները, մարդկանց, քրիստոնյաների սրբազան պարտքն է: Որպեսզի ատելությունը երբեք չհաղթանակի»: