Հայաստան է ներկրվել ռուսական էլիտար սերմացուի 1008 տոննա խմբաքանակը։ Գյուղատնտեսության նախարար գերասիմ Ալավերդյանի տեղեկացմամբ՝ այն ձեռք է բերվել Ստավրոպոլի «Սեմենա Ստավրոպոլի» սերմնաբուծարանից։ Սերմացուն արժե 1 կգ-ը 1 դոլար՝ ներառյալ տրանսպորտային ծախսերը, սակայն կառավարությունը վճարել է միայն 950 տոննայի համար։ Մնացյալ 60 տոննան ռուսական սերմնաբուծարանը հատկացրել է անվճար։
Այսօր` հոկտեմբերի 1-ին, «Մասիս» կայարանում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անձամբ հետեւեց, թե ինչպես բացվեց բեռնաթափվող առաջին վագոնը։ Բանվորները բավական դժվարությամբ կոտրեցին փականները, իսկ վագոնի դուռը կարողացան հրել միայն գյուղատնտեսության փոխնախարարի օգնությամբ։ Սերմացուի որոշ պարկեր պատռվել էին, կարմրավուն հատիկները թափվել վագոնի հատակին։ Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի խոսքով՝ այդ հատիկները ախտահարված են, ուստի սննդի մեջ օգտագործել չի կարելի՝ «կմահանաք»։ Սակայն խոստացավ, որ այդ հատիկներից լավ բերք կստացվի։ Հայաստանի կառավարությունը մեծ կարեւորություն է տալիս սերմնաբուծության զարգացման ծրագրին, թեեւ որոշ մասնագետներ ասում են, որ չարժե գերագնահատել դրա նշանակությունը, քանի որ ցորենի արտադրությունը զարգացնելու համար հարկավոր են համալիր միջոցառումներ՝ մելիորացիա, կրծողների ու մոլախոտների դեմ պայքար եւ այլն։ Ռիսկերից խուսափելու համար էլիտար սերմացուն հանձնվելու է միայն խոշոր տնտեսություններին (թվով՝ 95), այն պայմանով, որ հաջորդ տարի 1։2 հարաբերությամբ սերմը ետ վերադարձնեն։ Գյուղատնտեսության նախարարը հավաստիացրեց, որ սերմացուն ստացող տնտեսությունները պարտավորվել են իրականացնել արտադրության համար անհրաժեշտ բոլոր աշխատանքները։ Նրանք լիովին պատասխանատվություն են կրելու սերմացուի համար, անգամ հաշվի չի առնվելու կարկուտի կամ երաշտի հասցրած վնասը։
Ենթադրվում է, որ Հայաստանը 2014 թ. ամբողջովին կապահովի էլիտար սերմացուի նկատմամբ տեղական պահանջմունքը՝ արտադրելով տարեկան մոտ 3300 տոննա սերմացու։ Ցորենի բարձր բերքատու սորտերը կշահագրգռեն գյուղացիներին՝ զբաղվել ցորենի մշակմամբ։ Ըստ Գ. Ալավերդյանի՝ վերջին տարիներին ցորենի ցանքտարածությունները կրճատվել են 120 հազ. հա-ից մինչեւ 80 հազ. հա։ Նպատակ է դրված ոչ միայն վերականգնել ցորենի ցանքատարածությունները, այլեւ տարեկան բերքը հասցնել 350-360 հազ. տոննայի, որը կիսով չափ կբավարարի ներքին պահանջարկ (ներկայում ինքնաբավության աստիճանը մոտ 30 տոկոս է):





























