Թալիշ գյուղի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Ռոզա Խաչատրյանը, որը օրերս է վերադարձել Թալիշ գյուղից, ցավով է նկարագրում գյուղի վիճակը: Լրագրողների հետ զրույցում այսօր` հունիսի 18-ին, նա նշեց, որ գյուղն ամբողջովին ավերված է, ամեն ինչ անճանաչելի է, ոչինչ այլեւս նույնը չէ. «Մինչեւ Թալիշ գնալս, նաեւ Մատաղիսում եմ եղել: Թվում է` պատերազմ չի եղել, գործում է նաեւ մանկապարտեզը, երեխաները խաղում են, դպրոցն է աշխատում: Ինձ թվում էր, որ հասնեմ Թալիշ, ինչ-որ մի լավ բան կտեսնեմ, բայց արդյունքում հենց գյուղի մուտքի մոտից էլ պարզ դարձավ, որ ավերակների ու ամայության է վերածվել գյուղը: Ցավալի է, որ մի ամբողջ շեն գյուղ է հայաթափվել, առաջինը ոչ թե մտել եմ իմ տուն, այլ դպրոց, որն ամբողջությամբ ավերված է: Թվում էր, որ կրթօջախ է եւ ոչ մեկին պետք չէր լինելու, որ մտներ, քանդեր, ավերեր: Բայց, երբ մտնում ես, տեսնում ես, որ բացի այն, որ ավերածությունից է քանդվել, նաեւ մարդկային ձեռքով է քանդվել. ինչ էին փնտրում գրքերի մեջ, լաբորատոր սարքերի մեջ, ինչու էր ավերված ուսուցչանոցը: Գնացի իմ տուն` այն այլեւս իմը չէ, այդ վիճակում եմ գտել տունս»,-ասաց նա:
Նա նշեց, որ Թալիշում այս պահին բացի մի ընտանիքից, այլ բնակիչներ չկան. «Գյուղում ոչ մեկ չկար, միայն Արթուր Հայրապետյանի ընտանիքն էր՝ կնոջ եւ իր որդիների հետ, որոնք ժամանակավորապես եկել էին իրենց զինվորական հորը տեսակցության»:




























