Հոկտեմբերի սկզբից «Հարավ-Կովկասյան երկաթուղին» բարձրացրել է Երեւան-Թբիլիսի ուղեւորափոխադրումների սակագինը։ Այդ կապակցությամբ NEWS.am-ը պարզաբանումներ ստացավ ընկերության մամուլի պատասխանատու Վահե Դավթյանից։ Նրա խոսքով՝ սակագները բարձրացվել են միջինը 35 տոկոսով, այդ թվում՝ պլացկարդային վագոններինը՝ 44 տոկոսով, կուպեինը՝ 52 տոկոսով, СР վագոններինը՝ 23 տոկոսով։ Վ. Դավթյանը հավաստիացրեց, որ ներհանրապետական սակագների որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել։

Երեւան-Թբիլիսի գնացքի տոմսերի թանկացումը Վ. Դավթյանն առաջին հերթին պայմանավորեց նրանով, որ ուղերթը սպասարկվում է ֆիրմային գնացքով, որը մինչ հոկտեմբեր գործում էր Երեւան-Բաթումի գծում։ Սակայն զբոսաշրջային սեզոնի փակման հետ կապված՝ Երեւան-Բաթումի ուղղությունը ժամանակավորապես չի գործի։ Քանի որ «Հարավ-կովկասյան երկաթուղին» առեւտրային կառույց է, նա պետք է հաշվի առնի ուղերթի եկամտաբերությունը, այնինչ, նույնիսկ սակագները բարձրացնելուց հետո, Երեւան-Թբիլիսի ուղղությունը շարունակում է աշխատել վնասով։ Վ. Դավթյանը նշեց, որ սույն ֆիրմային գնացքը բավական թանկ է արժեցել ընկերության վրա, այն բերվել է Ռուսաստանից՝ ամբողջովին վերանորոգվելուց հետո։ Չի բացառվում, որ առաջիկայում կրկին աշխատեցվի հին տիպի գնացքը, որը հայտնի է որպես «կանաչ» կամ «սոցիալական» գնացք։ Այդ դեպքում, բնականաբար, տոմսերի գները կլինեն նախկինին մոտ։

Սակագնի բարձրացման մյուս պատճառը «Վրացական երկաթուղիների» հետ պայմանավորվածությունն է։ Ընդ որում՝ վրացական կողմը սակագնի նկատմամբ կիրառել է 2 գործակիցը, իսկ հայկականը՝ 1 գործակիցը, որի արդյունքում էլ գնաճը կազմել է 35 տոկոս։

Երկաթուղային սակագների վրա մեծ ազդեցություն ունի նաեւ շվեյցարական ֆրանկի փոխարժեքը, քանի որ ԱՊՀ եւ Բալթյան երկրներում այդ փոխարժեքն է ընկած տոմսի արժեքի հիմքում։

Նշենք, որ Երեւան-Թբիլիսի գնացքի կուպեում տոմսի արժեքն այսուհետ գերազանցում է 9 հազար դրամը: Միենույն ժամանակ երթուղայինով Թբիլիսի հասնելու համար կպահանջվի 6 հազար դրամ: Եթե հաշվի առնենք, որ գնացքը տեղ է հասնում ավելի քան 12 ժամում, իսկ երթուղայինը՝ 7 ժամում, ՀԿԵՈՒ-ն դժվար թե կարողանա ուղեւորահոսքի ավելացում ակնկալել: