Բելառուսում նախատեսվում է կոնյակի արտադրություն սկսել: Հայաստանից առաքվելու է կոնյակի սպիրտը, որը պահումից, կուպաժավորումից եւ տարալցումից հետո վաճառվելու է բելառուսական ապրանքանիշի տակ, իսկ արտադրանքի վրա որպես արտադրող նշվելու է Բելառուսը:
Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում Բելառուսի դեսպան Ստեփան Սուխորենկոն՝ հավելելով, որ Բելառուսը չի գնա կոնյակի վերաբերյալ հայկական օրենսդրության խախտման: Նա նաեւ նշել է, թե հայկական կոնյակի սպիրտի առաքման հետ կապված մտավախություններն առավել անհանգստացնում են Բելառուս կոնյակ ներմուծողներին:
Դեսպանի խոսքով, վերջին շրջանում ակտիվորեն զարգանում են տնտեսական հարաբերությունները. «Չնայած ճգնաժամին, ցուցանիշները չեն նվազել, իսկ 2010թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ, Հայաստանի եւ Բելառուսի ապրանքաշրջանառությունը ավելացել է 2 անգամ եւ կազմել 40 մլն դոլար: Իհարկե, դա այն ցուցանիշը չէ, որ կարող էր լինել, բայց ուրախացնում է դինամիկան»:
Անդրադառնալով հայ-բելառուսական տնտեսական հարաբերություններին՝ Սուխորենկոն նկատել է, թե Բելառուսի հիմնական գործընկերը եղել եւ առայժմ մնում է Ռուսաստանը, սակայն բազմաթիվ չյուրացված շուկաներ կան: «Երբ մենք ուսումնասիրեցինք հայկական շուկան, պարզվեց, որ չենք կարող մրցակիցներ լինել, այլ միայն գործընկերներ, ուստի հաճույքով գնում ենք հայկական կոնյակը, գյուղատնտեսական արտադրանքը, արդյունաբերական ապրանքները, Հայաստան ենք արտահանում գյուղատնտեսական տեխնիկա: Հայ-բելառուսական տնտեսական կապերի զարգացումը բխում է երկու երկրների շահերից»,- ասել է նա:




























