Պետական ծառայողների սոցփաթեթներից ժամանակավորապես հանգստի բաղադրիչը կասեցնելու մասին Կառավարության որոշումը բողոքի ալիք է բարձրացրել քաղծառայողների շրջանում:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նախարարություններից մեկի աշխատակիցը, որը խնդրեց իր անունը չհրապարակել, նշեց, որ իրենց ողջ անձնակազմն է դեմ այս որոշմանը:
«Մեզ մոտ կոնկրետ ոչ ոք հնարավորություն չունի իր միջոցներով հանգստի գնալու: Սոցփաթեթով պայմաններ էին ստեղծվում, որ գոնե 2-3 օրով գնում էիր հանգստանալու ինչ-որ տեղ: Լինում էր, որ մի քանի տարվա գումարը կուտակում էինք, որ գնայինք մեկ շաբաթով հանգստանալու, հիմա սրանից էլ ենք զրկվում»,- ասաց քաղծառայողը:
Նշենք, որ հուլիսի 7-ին Կառավարության նիստում վարչապետը հայտարարել է, որ նման որոշում է կայացվում, քանի որ տեղի են ունեցել չարաշահումներ: Կասեցման մասին որոշումն ուժի մեջ է 2017-2019 թվականներին:
«Ուսումնասիրությունները, որոնք իրականացվում են վարչապետի հանձնարարությամբ, առաջիկայում կավարտվի ու կարծում եմ, բյուջետային հայտի շրջանակներում կքննարկվի վերջնական որոշում ընդունելու հարցը: Ես դեռեւս չէի շտապի ասել, որ կզրկվեն, վերջնական որոշում դեռ չկա, դեռ վաղ է վերջնական եզրակացություն անել, թե ինչպիսին կլինեն լուծումները»,- նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Ոսուցչուհի Արմինե Մանուկյանը, սակայն, կարծում է, որ սխալ որոշում է, հատկապես որ ուսուցիչներն ամենաչպաշտպանված խավերից են:
«Ինչ-որ տեղ օգնություն էր ուսուցչին, ամենաչպաշտպանված խավերից մեկն է: Կուժն ու կուլան ինչպես միշտ ուսուցչի գլխին է կոտրվում: Կոլեկտիվով մի քանի օրով գնում էինք: Հատկապես ուսուցչի վրա պետք չի խնայել, կրթության որակ են ուզում, բայց դրա համար էլ պայմաններ են պետք: Մարզերի դպրոցներում ահավոր պայմաններ են, հիմա էլ հանգստից են զրկում»,- նշեց ուսուցչուհին:
Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանի խոսքով էլ սա բարբարոսություն է, անազնիվ քայլ բոլոր նրանց նկատմամբ, որոնք օգտվում են սոցփաթեթներից:
«Շատ ազնիվ կլիներ, եթե ասեին՝ քաղծառայողներ, բժիշկներ, ուսուցիչներ մեզ այս գումարը պետք է, Կառավարությունն էլ այս չարաշահումները կանխելու համար այդ գումարներն ուղղում է պետբյուջե, կտրում է նրանցից, բայց իրենցից էլ է կտրում, միգուցե պետական ծառայողները հասկանային: Բայց իրենց հիմնավորմամբ սա բարբարոսություն է»,- ասաց նա:
Նշենք, որ նախօրեին կառավարության նիստում ՀՀ վարչապետ հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ պետական ծառայողների սոցփաթեթներից պետք է ժամանակավորապես կրճատել հանգստի բաղադրիչը. Խոսքը 2017-2019 թվականների մասին է, այսինքն 2016-ին այդ բաղադրիչը կպահպանվի:
Իր հերթին, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լրագրողներին հայտնել է. «Ինչպես վարչապետը նշեց, ոչ թե այդ բաղադրիչը հանելու, այլ կասեցնելու մասին է խոսքը, 2017-19 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի շրջանակներում: Ուսումնասիրությունները, որոնք իրականացվում են վարչապետի հանձնարարությամբ, առաջիկայում կավարտվի ու կարծում եմ, բյուջետային հայտի շրջանակներում կքննարկվի վերջնական որոշում ընդունելու հարցը»:





























