Հանքարդյունաբերության հետեւանքով Սյունիքի մարզի  12 գետ ու վտակ ունեն ամենավատ՝ 5-րդ դասի աղտոտվածություն, հաղորդում է «ԷկոԼուրը»:

Այդ գետերն են՝ Որոտանի գետավազանի Սիսիան գետի Կիշկոշտ եւ Այրիգետ վտակները, Ողջիի գետավազանում՝ Ողջի գետն ու Գեղի, Արծվանիկ, Նորաշենիկ, Կավարտ, Գեղանուշ վտակները, Մեղրիգետի գետավազանում՝ Մեղրիգետ, Կարճեւան գետերը եւ դրանց համապատասխանաբար՝ Խաչիձոր ու Ագարակ վտակները:  Այս մասին նշված է «Հարավային ջրավազանային տարածքի կառավարման 2016-2021թթ. միջոցառումների պլանում»:

Մանավորապես Կիշկոշտ եւ Այրիգետ գետերն աղտոտվում են «Մոլիբդենի Աշխարհ» ՍՊԸ-ի Դաստակերտի պղնձամոլիբդենային բաց  հանքավայրի եւ դրա պոչամբարի ծանր մետաղների հետեւանքով:  «Կիշկոշտ եւ Այրիգետ գետերի հունի նման շարունակական աղտոտումը ի վերջո կհանգեցնի գետերի ջրային էկոհամակարգերի լուրջ վնասման եւ ինքնամաքրման ընդունակության վերացման: Արդյունքում, կսկսվեն աղտոտվել նաեւ վտակների մայր գետերը՝ Սիսիանը եւ Որոտանը»,- նշված է փաստաթղթում: