Իսպանական Corsan Corviam ընկերությունն արդեն տուգանքներ է վճարել աշխատանքների անբավարար որակի համար: Բայց նրա հետ պայմանագիրը լուծարելու պատճառ չկա: Այդ մասին հուլիսի 14-ին, կառավարության նիստից հետո, լրագրողներին հայտնել է տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանը` պատասխանելով  «Հյուսիս-Հարավ» մայրուղում շինարարական աշխատանքների տեմպերի  վերաբերյալ Հովիկ Աբրահամյանի դժգոհության մասին հարցերին: 

1-ին տրանշի շրջանակում` Երեւանից Արտաշատ եւ Աշտարակ, ընկերությունը Տրանսպորտի նախարարության` ճանապարհի հավասար հարթության վերաբերյալ դժգոհությունների պատճառով հետ է վճարել 70 մլն դոլարից 6 մլն դոլարը:  

«Բայց այդ շեղումները պայմանագրի սահմաններում էին եւ կարգավորվում էին դրանով, համապատասխան տուգանքի գանձմամբ», - հայտնել է փոխնախարարը:

Վարչապետը երկու անգամ եղել է Աշտարակ-Թալին ճանապարհային հատվածում, որտեղ շինարարություն է ընթանում 2-րդ տրանշի շրջանակում: Նրան չի բավարարել աշխատանքների տեմպը, հավելել է Առաքելյանը:

Դանդաղումները հիմնականում կապված են ենթակապալառուների հետ պայմանագրերի հետ, նշել է փոխնախարարը: Բայց ընկերությունը նրանց հետ պայմանագրերում իրեն ապահովագրել է` պայմանագրում տուգանքներ ներառելով ուշացումների համար: 

Այն հարցին, թե արդյոք Հայաստանը Զարգացման Ասիական Բանկին (շինարարության վարկատուին) անբարեխղճության տուգանքներ է վճարում ծախսված միջոցների հետ կապված ուշացման համար, Առաքելյանը պատասխանել է. «Ոչ, նման բան նախատեսված չէ»:

4-գծանի «Հյուսիս-Հարավ» մայրուղին կկրճատի իրանականից վրացական սահման հասնելու ժամանակը, ինչպես նաեւ տարածությունը` ներկայիս  556-ից մինչեւ 495 կմ, լեռնային հատվածների ուղղման եւ նոր, ավելի ուղիղ հատվածների շինարարության շնորհիվ: Շինարարության ընդհանուր արժեքը մոտ  960 մլն դոլար է կազմում, նախագծի հիմնական վարկատուն Զարգացման ասիական բանկն է (մոտ 500 մլն դոլար):

Մայրուղու առաջին մի քանի հերթի շինարարության տենդերները շահել է իսպանական  Corsan Corviam ընկերությունը, վերջին տենդերը (Հայաստանի հյուսիսում Լանջիկ-Գյումրի հատվածի) չինական Sinohydro Corporation-ը: