Թուրքիան սկսել է վերականգնել հարաբերությունները Իսրայելի եւ Ռուսաստանի հետ եւ որոշ գնահատականների համաձայն, հաջորդը կարող է դառնալ Եգիպտոսը: Այդ մասին նշվում է Կարնեգի կենտրոնի վերլուծաբան Մարկ Պիերինիի հոդվածում: Նրա խոսքով, Թուրքիայի քաղաքականության մեջ անսպասելի շրջադարձերը միշտ տպավորություն են թողնում, բայց այս անգամ Վաշինգտոնը եւ Բրյուսելը մտածում են, թե ով է հաջորդը:
Հեղինակը բացատրում է, որ Իսրայելի հետ հարաբերություններն անհապաղ կարգավորելու որոշման հետեւում հստակ դրդապատճառներ կային` ստորջրյա խողովակաշարը, որը իսրայելական գազը Թուրքիա կհասցնի: Բացի այդ, Թուրքիան ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության եւ մասնավորապես` իսրայելական հետախուզության տվյալների հույս ունի: «Հարաբերությունների կարգավորումն անպայման չի նշանակի մեծ ներդաշնակություն երկու երկրի միջեւ: Գազայի հատվածի շրջափակումը մնում է թուրքական ղեկավարության անհանգստության հիմնական պատճառներից մեկը, իսկ Անկարայի մտերմությունը պաղեստինյան ՀԱՄԱՍ կազմակերպության հետ մինչ այժմ Իսրայելի գլխացավանքն է»,- կարծում է հեղինակը:
Պիերինիի կարծիքով, Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման պատճառները նման են դրան. Անհրաժեշտ է ռուս զբոսաշրջիկների ներհոսք, որը 92 տոկսով նվազել է այն բանից հետո, երբ խոցվեց ռուսական ինքնաթիռը: Դրան անհրաժեշտ է հավելել նաեւ Ռուսաստանից Թուրքիա գազամուղը: «Էլ ավելի կարեւոր կլինի համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում հունիսի 29-ին Ստամբուլի օդանավակայանում գրոհի ալիքի վրա, ինչից հետո Դաղստանի եւ Միջին Ասիայի ահաբեկիչները հիշատակվեցին որպես հանցագործություն կատարելու հիմնական կասկածյալներ»,- գրում է հեղինակը:
Չնայած այն բանին, որ Մոսկվան եւ Անկարան Սիրիայի վերաբերյալ տարբեր դիրքորոշումներ ունեն, Թուրքիան կարող է հարմարվել այն իրողությանը, որ Ասադը շուտով կհեռանա: Սակայն փոքրիկ տարաձայնություն է առաջացնում քրդերի թեման:
Նրա խոսքով, Թուրքիայի վերջին որոշումները ողջունվում են Վաշինգտոնի եւ ԵՄ-ի կողմից, բայց ամենակարեւոր իրադարձությունները դեռ առջեւում են: «Արդյոք Անկարան վճռական քայլի կդիմի Իսլամական պետության դեմ` սիրիաթուրքական սահմանն արգելափակելով ջիհադիստների, ռազմամթերքի եւ նավթի մաքսանենգ առեւտրի համար, չնայած բռնաճնշումների վտանգին: Արդյոք Անկարան կստանձնի վճռորոշ դերը, որ սիրիական քրդերը խաղում են Իսլամական պետության ոչնչացման գործում, չնայած նրանց գաղափարական կապերին Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ) ապստամբների հետ: Արդյոք կավարտվի Թուրքիայի տիրապետման մոլուցքը եւ կհաղթի ավելի իրատեսական մոտեցումը»,- հարց է տալիս վերլուծաբանը:
Սիրիական քրդերի վերաբերյալ ՆԱՏՕ-ում Թուրքիայի դիրքորոշումը չափազանց տարբերվում է: Պիերինին կարծում է, որ Թուրքիային անհրաժեշտ է խաղաղության համար վճռորոշ քայլ անել թուրքական քրդերի առումով:
Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ հարաբերություններին, հեղինակը ենթադրում է, որ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները ոչ մի տեղ չեն տանում, քանի դեռ Թուրքիան խնդիրներ ունի օրենքի գերակայության եւ խոսքի ազատության հետ կապված: Սակայն առաջընթացը կարող է ձեռք բերվել Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ Մաքսային միության արդիականացման միջոցով` երկու կողմի համար էլ էական առավելություններով:





























