Պաշտոնական Երեւանը հետեւում է Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների զարգացմանը: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Նշենք, որ հուլիսի 15-ի երեկոյան լրատվամիջոցները հաղորդել են Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մասին: Անկարայի եւ Ստամբուլի փողոցներում ռազմական տեխնիկա է հայտնվել, տեղի են ունեցել կրակոցներ եւ պայթյուններ: Մի խումբ զինվորականներ հայտարարել են երկրում իշխանությունը վերցնելու մասին՝ սահմանադրական կարգը վերականգնելու, մարդու իրավունքներն ու ազատությունները ապահովելու նպատակով:

Նախնական տվյալներով 60 մարդ է զոհվել: Հեղաշրջման փորձից հետո 336 մարդ է ձերբակալվել: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, Թուրքիայում ռազմական հեղաշրջումը կազմակերպել է գնդապետ Մուհարեմ Քոսեն:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է տեղի ունեցող իրադարձությունների անօրինական լինելու մասին: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հեղաշրջման փորձը ձախողվել է եւ ամբողջությամբ կճնշվի: