Թուրքիայում տեղի ունեցած իրադարձություններից տուժած ՀՀ քաղաքացիների համար ստեղծվել է թեժ գիծ:

Ինչպես հայտնում են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից, տուժած քաղաքացիները կարող են զանգել հետեւյալ հեռախոսահամարով՝ +374 60 620552:

Մինչ այդ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Թուրքիայի տարածքում աջակցության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն ՀՀ ԱԳՆ, քանի որ այլ երկիր մեր շահերը Թուրքիայում չի ներկայացնում։

Հուլիսի 15-ի երեկոյան լրատվամիջոցները հաղորդել են Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մասին: Անկարայի եւ Ստամբուլի փողոցներում ռազմական տեխնիկա է հայտնվել, տեղի են ունեցել կրակոցներ եւ պայթյուններ: Մի խումբ զինվորականներ հայտարարել են երկրում իշխանությունը վերցնելու մասին՝ սահմանադրական կարգը վերականգնելու, մարդու իրավունքներն ու ազատությունները ապահովելու նպատակով:

Նախնական տվյալներով 90 մարդ է զոհվել, ձերբակալվել է ավելի քան 1500 մարդ: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, երկրում ռազմական հեղաշրջումը կազմակերպել է գնդապետ Մուհարեմ Քոսեն:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է տեղի ունեցող իրադարձությունների անօրինական լինելու մասին: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հեղաշրջման փորձը ձախողվել է եւ ամբողջությամբ կճնշվի: