Երեւանի Կարապի լճի տարածքում այսօր՝ հուլիսի 16-ին, տեղի է ունեցել «Ձմերուկի» ամենամյա փառատոն (ֆոտոռեպորտաժ):

Ժամը 18:00-ից հարյուրավոր մարդիկ էին հավաքվել՝ մասնակցելու արդեն 4-րդ անգամ անցկացվող այս փառատոնին: Քաղաքապետարանի կազմակերպած «Երեւանյան ամառ» ծրագրի շրջանակում անցկացվող փառատոնին կայացել է ձմերուկի հյուրասիրություն: Ներկաները հնարավորություն ունեին նաեւ մասնակցել տարբեր մրցույթների եւ մրցանակներ շահել:

Մեկ այլ հատվածում դիզայներները ներկայացնում էին կարվինգի հմտությունները` ձմերուկից ստանալով արվեստի գործեր։ Նրանցից լավագույնն այսօր մրցանակ ստացավ: Ի դեպ, ամենամեծ ձմերուկով փառատոնին ներկայացած մասնակիցը նույնպես արժանացել է հատուկ մրցանակի: