Ադրբեջանը բանակցություններ է վարում 5 մլրդ դոլարի վարկ ստանալու համար «Հարավային գազային միջանցք» նախագծում իր մասը ֆինանսավորելու նպատակով: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Թրենդ»-ի տեղեկություններով՝ «Հարավային գազային միջանցք»-ի արժեքը գնահատվում է 40 մլրդ դոլար: Ադրբեջանի մասը կազմում է 13 մլրդ դոլար: Բանակցությունները վարվում են Եվրոպայի զարգացման բանկի եւ միջազգային վարկային այլ կազմակերպությունների հետ:
«Հարավային գազային միջանցք»-ը ԵՄ համար գերակա նախագծերից է, որով նախատեսվում է կասպիական տարածաշրջանից ադրբեջանական 10 մլրդ խորանարդ մետր գազը Վրաստանով եւ Թուրքիայով փոխադրել Եվրոպա: Նախնական փուլում «Շահ Դենիզում» արդյունահանվող գազը դիտվում է նախագծի հիմնական աղբյուր: Ավելի ուշ փուլերում կմիանան այլ աղբյուրներ:




























