Աբխազիայի խորհրդարանը հուլիսի 20-ին հերթական անգամ կքննարկի վարչապետ Արթուր Միքվաբիային անվստահության քվե հայտնելու հարցը։ Այս մասին լրագրողներին հայտնել են խորհրդարանի մամուլի ծառայությունից։
«Օրակարգում ներառված է 18 հարց, եւ առաջինը Աբխազիայի Հանրապետության վարչապետ Արթուր Միքվաբիային անվստահության քվե հայտնելու հարցն է»,– նշել են մամուլի ծառայությունից։
ՏԱՍՍ–ի փոխանցմամբ՝ անվստահության քվեի հարցն առաջին անգամ բարձրացվել էր ապրիլին, սակայն այդ ժամանակ նախաձեռնությամբ հանդես եկած պատգամավոր Ալմաս Ջափուան խնդրել էր հարցի քննարկումը հետաձգել մինչեւ հաջորդ նիստը։ Երկրորդ անգամ հարցը քննարկման էր դրվել հունիսի 15-ին, սակայն հետաձգվել էր վարչապետի բացակայության պատճառով։
Ջափուան վարչապետին անվստահության քվե հայտնելու պատճառներից է համարում երկրի բոլոր ոլորտներում կոռուպցիայի տարրերի առկայությունը, իսկ վարչապետն ինքը ներգրավված է եղել մի քանի կոռուպցիոն սկանդալների մեջ։
Միքվաբիան հունիսի 16-ին հերքել էր Ջափուայի մեղադրանքները։





























