Մեծ Բրիտանիան մտադիր չէ այս տարի Լիսաբոնյան պայմանագրի 50-րդ հոդվածի միջոցով պաշտոնապես բաժանվել Եվրամիությունից: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի կառավարության իրավաբան Ջեյսոն Քոփելը:

Ըստ Reuters-ի, նա, միաժամանակ, չի բացառել, որ այդ հարցում կառավարության դիրքորոշումը կարող է փոխվել: Ներկայում կառավարությունը կարծում է, որ նշված հոդվածը չպետք է գործարկվի ընթացիկ տարում: Ավելի վաղ այդ մասին հայտարարել էր նաեւ վարչապետ Թերեզա Մեյը:

Brexit-ի հարցերի նախարար Դեւիդ Դեւիսի գնահատմամբ էլ՝ ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը կսկսվի 2018 թվականին:

BBC-ի հաղորդմամբ՝ ԵՄ-ի ներկայացուցիչները նախազգուշացրել են, որ Լոնդոնի հետ որեւէ բանակցություն չեն վարի այնքան ժամանակ, մինչեւ Բրիտանիան չգործարկի Լիսաբոնյան պայմանագրի 50-րդ հոդվածը: