ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Թուրքիային օգնություն է առաջարկել պետական հեղաշրջման փորձի հետաքննության գործում եւ մեղավորների հետապնդման հարցում զսպվածության կոչ արել: Ըստ Reuters-ի, Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստի տեղեկացմամբ՝ այս մասին Օբաման հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում:

Էռնեստի խոսքով՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են Հիզմեթ շարժման գաղափարախոս Ֆեթուլլահ Գյուլենի կարգավիճակը, որին Էրդողանը մեղադրում է հեղաշրջման կազմակերպման մեջ եւ ԱՄՆ-ից պահանջում արտահանձնել նրան:

Սպիտակ տան ներկայացուցիչը նշել է, որ թուրքական կառավարությունն էլեկտրոնային տարբերակով նյութեր է ուղարկել ԱՄՆ-ին, որոնք ներկայում ուսումնասիրվում են: Նրա խոսքով՝ Թուրքիայից արտահանձնման մասին ստացված ցանկացած հարցում դիտարկվելու է երկու երկրների միջեւ կնքված համապատասխան համաձայնագրի շրջանակում: