Նյու Յորքի Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է բրիտանական HSBC բանկի ղեկավարներից Մարկ Ջոնսոնը: Բանկի արժութային առքուվաճառքի բաժնի ղեկավարին կասկածում են միջբանկային արժութային շուկայում մեքենայություններ կատարելու մեջ:
BBC-ի փոխանցմամբ՝ Ջոնսոնը Բրուքլինի դատարանի առջեւ կկանգնի: HSBC-ն դեպքի առիթով առայժմ որեւէ մեկնաբանությամբ հանդես չի եկել:
2014 թվականին HSBC-ն միջազգային չորս այլ խոշոր բանկերի հետ միասին հայտնվեց սկանդալի կենտրոնում՝ կապված Forex միջբանկային արժութային շուկայում մեքենայությունների փորձերի հետ: Սկանդալը հաջողվեց հարթել միայն այն բանից հետո, երբ բանկերը համաձայնեցին բրիտանական եւ ամերիկյան ֆինանսական կարգավորող մարմիններին ընդհանուր առմամբ ավելի քան 3 մլրդ դոլարի տուգանք վճարել:





























