Ներկայում քննարկվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ այս տարվա օգոստոսին Ղարաբաղի հարցով ծրագրվող հանդիպումը: Այս մասին հուլիսի 20-ին Հայաստանում Ամերիկյան համալսարանում հայտարարեց ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը՝ պատասխանելով ուսանողներից մեկի հարցին այն մասին, արդյո՞ք հայտնի են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հաջորդ հանդիպման ժամկետները:

Սակայն, ըստ նրա, նախագահների հանդիպման հստակ օրն ու վայրը դեռեւս որոշված չեն: «Քննարկումները պետք է ընթանան ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների եւ երկու երկրների կառավարությունների միջեւ՝ օգոստոսին հանդիպման օրը հստակեցնելու համար»,- պարզաբանել է Ռիչարդ Միլսը:

Հիշեցնենք, որ ղարաբաղյան հակամարտության գոտում ապրիլյան պատերազմից հետո մայիսի 16-ին Վիեննայում կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի եւ Ֆրանսիայի եվրոպական հարցերի պետքարտուղար Առլեմ Դեզիրի հետ: Հանդիպմանը մասնակցեցին նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը եւ Պիեռ Անդրիոն: