Ոստիկանությունը հայտնել է նախօրեին Խորենացի փողոցում երթից հետո ձերբակալված անձի ինքնությունը:
Ոստիկանության հաղորդագրության մեջ ասվում է.
«Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հուլիսի 27-ին, ժամը 3.00-ին, Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 30 հասցեի մոտից, ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք պահելու եւ կրելու կասկածանքով, Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 36-ամյա Արմեն Մ.-ին, ում մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է թմբուկավոր ինքնաշեն ատրճանակ` լիցքավորված 5.6 մմ տրամաչափի 7 փամփուշտով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Արմեն Մ.-ն ձերբակալվել է: Կատարվում է քննություն:
Ալեք Ենիգոմշյանի խոսքով՝ ձերբակալվածը Արմեն Միքայելյանն է, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ։
«Հիմնադիր խորհրդարանից» էլ կատարվածի վերաբերյալ մասնավորապես հայտնում են, «Արմեն Միքայելյանը ընտանիքով վերադառնում էր տուն Խորենացի փողոցից։ Նրա ճանապարհը փակում են երկու սև մեքենաներ, որոնցից դուրս են գալիս մոտ 8-10 քաղաքացիական հագուստով անհայտ անձիք, հարձակվում են Արմենի վրա և բռնի ուժ կիրառելով առևանգում նրան՝ նստացնելով մեքենան և տանելով անհայտ ուղղությամբ։
Առավոտյան ժամը 6-ին Արմեն Միքայելյանը զանգահարել է կնոջը և տեղեկացրել, որ գտնվում է Ոստիկանության Մալաթիայի բաժանմունքում։ Այնուհետև նրան տեղափոխել են Էրեբունու ՁՊՎ։ Կինը հանդիպել է նրան առավոտյան ժամը 11-ի սահմաններում։ Արմենը տեղեկացրել է, որ գիշերը առևանգելիս նրան ձեռնաշղթաներ են հագցրել և գրպանը զենք են գցել՝ հակառակ իր կամքին»։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այս գիշեր տեղի ունեցած երթից հետո ապօրինի զենք, զինամթերք եւ պայթուցիկ նյութեր պահելու կասկածանքով բերման է ենթարկվել 64 քաղաքացի. «Նրանցից 63-ն ազատ են արձակվել, մեկը ձերբակալված է, քանի որ նրա մոտ թմբուկավոր զենք է հայտնաբերվել»:
Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը եւս, ով եւս բերման էր ենթարկվել, ազատ է արձակվել:
Հիշեցնենք, որ գիշերը լարված է անցել: Կեսգիշերն անց ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն facebook-ի իր էջում գրել էր, որ փոխհրաձգություն է տեղի ունեցել ոստիկանների ու «Սասնա ծռերի» անդամների միջեւ, որի հետեւանքով վիրավորվել են մեկ ոստիկան, Պավել Մանուկյանն ու նրա որդին, իսկ «Սասնա ծռերից» Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը հանձնվել են ոստիկանությանը: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: Իր հերթին «Սասնա ծռեր» խումբը հայտարարել է, որ «ոստիկանները հարձակում են գործել գնդի տարածք, վիրավորվել են Պավել Մանուկյանը, Արամ Մանուկյանը, Գեւորգ Իրիցյանը եւ հավանաբար խմբի այլ անդամներ: Ոստիկանները առեւանգել են Պավելին, Արամին, Գագիկ Եղիազարյանին եւ խմբի եւս մեկ անդամի»:
Գիշերվա ընթացքում ոստիկանությունը բազմաթիվ քաղաքացիների է բերման ենթարկել Երեւանի Խորենացու փողոցից։





























