Ազատության հրապարակում հավաքված բազմությունը երթ է սկսել Երեւանի փողոցներով։

NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ, հավաքվածները պահանջել են երթ անել դեպի Խորենացի փողոց, որտեղ այսօր ամբողջ օրը մարդկանց են բերման ենթարկել։

Մի քաղաքացի բեմ է բարձրացել, վերցրել բարձրախոսը եւ առաջարկել է՝ երթին կողմնակիցները ձայնակցեն։ Հավաքվածները հավանություն են տվել երթի գաղափարին։

Դրանից հետո բարձրախոսը կրկին հայտնվել է Ալբերտ Բաղդասարյանի ձեռքում, որը հայտարարել է, թե երթը անցնելու է ոստկանության շենքի մոտով, ապա Նալբանդյան փողոցով՝ ԱԱԾ շենքի մոտով, եւ հասնելու է կառավարություն։

Նրա հայտարարությունից հետո սուլոցներ եւ դժգոհության ալիք անցավ հավաքված բազմության մեջ, որոնք պահանջում էին Խորենացի փողոց գնալ։ Ըստ Բաղդասարյանի, դեպի Խորենացի երթը չի նշանակում աջակցություն «Սասնա ծռերին», նման երթը կարող է սադրանքների առիթ տալ։

ԱԻՄ անդամ Գագիկ Սարուխանյանը հայտարարեց, որ դեպի Խորենացի երթ կանեն վաղը, ի պատասխան հնչեցին «Խորենացի» վանկարկումները։

Քաղաքացիական ակտիվիստ, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը հայտարարեց, թե «Սասնա ծռերի» պահանջը հստակ է։ «Պավլիկ Մանուկյանը վերակենդանացման բաժանմունքում է։ Ո՞վ է տալիս երաշխիք, որ դա չի կրկնվի։ Շրջապտույտ անելով Երեւանի դատարկ փողոցներով, ոչինչ է։ Գտնում եմ, որ համակարևգող խորհուրդ, ղեկավարներ պետք չեն, ամեն մեկը թող ինքը որոշի, թե ինչ է ուզում անել։ Պետք չէ ամեն ինչ վերածել քաղաքական դեմագոգիայի»,- հայտարարեց նա։

Ի վերջո, հավաքի մասնակիցների քվեարկությամբ որոշվեց երթ անել դեպի Խորենացի փողոց։

Նշենք, որ հայտնի է դարձել, որ ոստիկանները բերման են ենթարկել քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանին եւ «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանին։