Երեւանի Խորենացի փողոցից այսօր՝ հուլիսի 27-ին, բերման ենթարկված կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանին՝ հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանի կնոջը, քիչ առաջ ազատ են արձակել: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց նրա փաստաբան Արամազդ Կիվիրյանը:

Փաստաբանը նշեց, որ  Արսինե Խանջյանին բերման են ենթարկել առանց որեւիցե հիմնավորման, նրան տարել են Ոստիկանության ներքին զորքերի զորամաս,  մոտից խլել են հեռախոսը եւ շուրջ 3 ժամ անազատության մեջ պահելուց հետո ազատ են արձակել:

«Որպես փաստաբան մեզ թույլ չէին տալիս մուտք գործել, ոստիկանության գործողությունները իրավական տեսանկյունից անձի առեւանգում է, ապօրինի գործողություն է, երբ անձին առանց պատճառաբանության ձերբակալում, տանում են»,-ասաց նա:

Արամազդ Կիվիրյանը նշեց, որ Ոստիկանության ներքին զորքերի զորամասում այս պահին կա Խորենացի փողոցից բերման ենթարկված շուրջ 80 քաղաքացի, ոստիկանությունը որոշներին ազատ է արձակել: Բերման ենթարկվածների հարազատները դրսում սպասում են նրանց ազատ արձակվելուն:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Երեւանի Խորենացի փողոցում առանց դադարի մարդ բերման ենթարկող ոստիկանները բերման են ենթարկել նաեւ կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանին՝ հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանի կնոջը: