Ազգային անվտանգության ծառայությունը պարզաբանում է տարածել նախօրեին Ալեք Ենիգոմշյանին ձերբակալելու վերաբերյալ:

ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Կազմակերպված խմբի  կողմից  զենքի կիրառմամբ, կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով  ՀՀ ոստիկանության պարեկապահակային  ծառայության (ՊՊԾ)  գնդի  շենքերը եւ շինությունները հուլիսի 17-ին զավթելու եւ պահելու  դեպքի առթիվ հարուցված  եւ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում  քննվող քրեական գործի շրջանակներում, հուլիսի 27-ին, ժամը 19.50-ին ՀՀ ԱԱԾ վարչական շենք բերման է ենթարկվել  եւ ժամը 22.30-ին,  դատավարական  պատշաճ  ընթացակագով ձերբակալվել  ՀՀ քաղաքացի  Արա Ալեքսանդր Վահրամի Կոմշույանը (Ալեք Ենիգոմշյան):  Քաղաքացի  Կոմշույանը  կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության՝ կազմակերպված խմբի վերոգրյալ հանցավոր գործողություններին օժանդակելու մեջ:

Բերման  ենթարկվելիս Կոմշույանն օգտվել է իր իսկ ընտրած պաշտպանի ծառայություններից: Հաշվի առնելով վերջինիս հաշմությունը, նրա իրավունքների ավելի լայն իրագործումն ապահովելու, դատաիրավական գործողություններին մասնակցելու նպատակով, ի շահ իրեն քրեական գործով ներգրավվել է կույրերի համար ստեղծված բրայլյան գրի համապատասխան մասնագետ՝ տիֆլո-մանկավարժ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը ձերբակալվել է. նա կասկածվում է հուլիսի 17-ին ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված զինված խմբին օժանդակելու մեջ։

Ենիգոմշյանն այժմ պահվում է ԱԱԾ Ձերբակալվածների պահման վայրում:

Նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը նշել է, որ նախաքննական մարմինը բազմաթիվ անօրինականություններ ու խախտումներ է թույլ տվել  եւ ինքը դիմել է օմբուդսմենին եւ այժմ պատրաստվում է մարդու իրավունքների պաշտպանի հետ մտնել մեկուսարան՝ խախտումները վերացնելու համար։

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի կողմից ոստիկանության ԱԱԾ գունդը գրավելուց հետո Ենիգոմշյանը հանդիպել էր Ժիրայր Սեֆիլյանի հետ եւ մասնակցում էր իշխանությունների հետ ընթացող բանակցություններին:

Ալեք Ենիգոմշյանը Հայաստանի ազատագրման հայ գաղտնի բանակի անդամ է, նա նաեւ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ է: 1980թ. Ժնեւում նրա ձեռքին նռնակ է պայթել, որի հետեւանքով կտրվել է ձեռքը եւ կորցրել է տեսողությունը: