Նախօրեին Սարի թաղում եւ Խորենացի փողոցում ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով «Էրեբունի» ԲԿ տեղափոխված 16 հիվանդներից 7-ը դուրս են գրվել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 30-ին լրագրողներին հայտնեց «Էրեբունի» ԲԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը:

Նրա խոսքով, հիվանդներից միայն մեկի վիճակն է ծանր, որը հրազենային վնասվածք է ստացել որովայնի շրջանում, նաեւ ունեցել է ներքին արյունահոսություն: Նա ոստիկան է եւ նախօրեին վիրահատվել է: Եւս մեկ հիվանդի ծնոտն է կոտրվել:

Միքայել Մանուկյանի խոսքով, հիվանդների մեծ մասը բեկորային վնասվածքներ է ունեցել:

Նրա խոսքով, այս պահին 3 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից մեկը «Սասնա ծռերի» անդամ Արմեն Լամբարյանն է: Նրան վիրահատել են, գիտակցությունը տեղն է:

Նշենք, որ հուլիսի 29-ի երեկոյան Խորենացի փողոցում եւ Սարի թաղում բախումներ են տեղի ունեցել քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ:

ՊՊԾ գնդի առջեւ գտնվող տարածքը (Սարի թաղ) ազատելու մասին նախազգուշացումից հետո ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել, հարձակվել մարդկանց վրա։ Պաշտոնական տվյալներով, վեց տասնյակ մարդիկ մարմնական վնասվածքներ են ստացել։ Ակցիայի ընթացքում նաեւ բազմաթիվ լրագրողներ են տուժել:

Միեւնույն ժամանակ քաղաքացիներ են բերման ենթարկվել Խորենացի փողոցից: