Խորենացի փողոցում եւ Սարի թաղում նախօրեին տեղի ունեցած միջադեպի հետեւանքով մայրաքաղաքի բժշկական հաստատություններ տարբեր վնասվածքներով դիմած 73 անձանցից հիվանդանոցային բուժումն այս պահի դրությամբ շարունակում է 26-ը, որից 6-ը` ոստիկան։
Առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն դիմած 50 քաղաքացուց 36-ը դուրս է գրվել, մեկը տեղափոխվել է Ճառագայթային բժշկության եւ այրվածքների կենտրոն։ Այս պահին այստեղ հիվանդանոցային բուժում է ստանում 13-ը։ Մեկ քաղաքացու աչքը վիրահատվել է, հեռացվել է վնասված ակնագունդը։
«Էրեբունի» բժշկական կենտրոն է դիմել 16 անձ, որից 12-ը` ոստիկան, 2-ը` զինյալ խմբից։ Այս պահի դրությամբ բուժումը շարունակում է 8-ը։ Ինչպես որովայնային հրազենային վնասվածքով ոստիկանը, այնպես էլ 2 զինյալը վիրահատությունից հետո վերակենդանացման բաժանմունքում են։
2 տուժած բուժումը շարունակում է «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրում, 1-ական տուժածներ` «Արմենիա» հանրապետական, «Իզմիրլյան» բժշկական եւ Ճառագայթային բժշկության եւ այրվածքների կենտրոններում։
Բացի վերակենդանացման բաժանմունքներում գտնվողներից մյուսների վիճակը հիմնականում բավարարին մոտ է։ Բոլոր տուժածներին ցուցաբերվում է անհաժեշտ բժշկական օգնություն։
Նշենք, որ մամուլում շրջանառվող մանկահասակ երեխաներ հոսպիտալացնելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 29-ի երեկոյան Խորենացի փողոցում եւ Սարի թաղում ոստիկանությունն ուժային գործողություններ է իրականացրել: ՊՊԾ գնդի առջեւ գտնվող տարածքը (Սարի թաղ) ազատելու մասին նախազգուշացումից հետո ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել, հարձակվել մարդկանց վրա։ Պաշտոնական տվյալներով, վեց տասնյակ մարդիկ մարմնական վնասվածքներ են ստացել։ Ակցիայի ընթացքում նաեւ բազմաթիվ լրագրողներ են տուժել:
Միեւնույն ժամանակ, քաղաքացիներ են բերման ենթարկվել Խորենացի փողոցից: Ընդհանուր առմամբ, ըստ ոստիկանության, բերման է ենթարկվել 165 քաղաքացի:




























