Ռուսաստանը չի ներքաշվի սպառազինության նոր` ծախսատար մրցավազքի մեջ, բայց անկասկած հոգ կտանի ազգային անվտանգության արդյունավետ ապահովմանը:  Ռուսաստանի ԱԳՆ-ի սպառազինության չտարածման եւ վերահսկողության դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Ուլյանովը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում այդպես է մեկնաբանել այն տեղեկությունը, որ ԱՄՆ-ն սկսել է նախապատրաստվել նոր` B61-12 միջուկային ռումբերի արտադրությանը: 

«Որքան հասկանում եմ, խոսքն այսպես կոչված միասնականացված միջուկային ռումբի արտադրության նախապատրաստական փուլին անցնելու մասին է, այն նախ եւ առաջ նախատեսված է` տեղադրվելու եվրոպական հինգ երկրի տարածքում   (Բելգիա, Գերմանիա, Իտալիա, Նիդերլանդներ եւ Թուրքիա) այնտեղ արդեն առկա ամերիկյան միջուկային սպառազինությունը թարմացնելու նպատակով», — գործակալությանն ասել է դիվանագետը:

Ուլյանովը հավելել է, որ առկա տեղեկության համաձայն, արդիականացված ռումբերի որոշակի քանակություն կպահեստավորվի նաեւ ԱՄՆ-ի տարածքում,  «որպես պահուստ»:  Նրա խոսքով, Միացյալ Նահանգների` նոր միջուկային զենքի անցնելու բացասական հետեւանքները գլոբալ անվտանգության համար շոշափելի կդառնան  2020 թվականին:  «Պատահական չէ, որ ամերիկացի որոշ փորձագետներ շտապել են նոր ռումբերը կոչել ավելի   «էթիկական», որովհետեւ դրանց կիրառությունը պակաս ծավալուն հումանիտար հետեւանքներ կունենա: Բայց վատը հենց դա է.  սպառազինության նման բնութագրերը օբյեկտիվորեն կմեծացնեն դրանց օգտագործման գայթակղությունը», — պարզաբանել է նա: