Առաջիկա 18 ամիսներին Մեծ Բրիտանիային 50/50-ի հավանականությամբ տնտեսական ռեցեսիա է սպասվում, համարում են փորձագետները, հայտնում է BBC–ն:
Տնտեսական ու սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի գնահատականով երկրում այս եւ գալիք տարի տնտեսական անկում է լինելու: Բացի դրանից մինչեւ 2017-ի վերջը սպասվում է գնաճի աճ ՝ մինչեւ 3 տոկոս, ինչն առաջին հերթին պայմանավորված է ազգային արժույթի արժեքի անկումով:
«Սա ԵՄ կազմից դուրս գալու մասին Մեծ Բրիտանիայի որոշման տնտեսական կարճաժամկետ հետեւանքն է»- ասում է Սայմոն Քիրբին Տնտեսական ու սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտից:
Ընդհանուր առմամբ ինստիտուտի աշխատողների կանխատեսումներով Բրիտանիայի տնտեսությունը ամենայն հավանականությամբ 2016-ին 1.7 տոկոսով կաճի, իսկ գալիք տարի՝ ընդամենը 1 տոկոսով: «Մեր ակնկալիքներով Մեծ Բրիտանիան 2016-ի երկրորդ կեսին կբախվի տնտեսական աճի նկատելի դանդաղեցմանը ու նման իրավիճակը կպահպանվի ընդհուպ մինչեւ 2017–ի վերջը»,- համարում է Քիրբին:
Մինչդեռ բրիտանացի սպառողները շահում են խանութներում գների անկումից՝ 2015-ի հուլիսից մինչեւ 2016-ի հուլիս գները նվազել են 1.6 տոկոսով: Պարենամթերային ապրանքները անցած տարվա համեմատ էժանացել են 0.8 տոկոսով, իսկ ոչ պարենամթերային ապրանքները ՝ 2.2 տոկոսով:





























