Ռուսաստանցի զբոսաշրջիկներով ավտոբուսը Աբխազիայում վթարի է ենթարկվել ռուս-աբխազական սահմանից 7 կմ հեռավորության վրա, հայտնում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով հանրապետության ԱԻՆ-ին:

10:05-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով զոհվել է Օմսկից զբոսաշրջիկ Վիկտոր Գուսկովը: Եվս 18 ուղեւոր, որոնց թվում հինգ երեխա կա, տարբեր աստիճանի վնասվածքներով հասցվել են Գագրայի հիվանդանոց: Խճուղու վրա  ռուսաստանցի զբոսաշրջիկներով «Մերսեդես» միկրոավտոբուսը բախվել է մարդատար   «Նիսսան Սքայնլայն» մեքենային, ճշտել են ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից:

Հիվանդանոց տեղափոխված ռուսաստանցի զբոսաշրջիկների վիճակը բավարար է, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Հինգ մարդ բուժօգնության տրամադրումից հետո բաց է թողնվել, 13 մարդ հիվանդանոց է տեղափոխվել տարբեր վնասվածքներով եւ կոտրվածքներով: