Ֆրանսիայի հարավում գտնվող Սետա քաղաքի (Էրոյի դեպարտամենտ) փողոցներում գինու տեղացի առեւտրականի ցիստերններից մի քանի տասնյակ հազար լ գինի է թափվել օգոստոսի 3-ի գիշերը: Ոստիկանությունը սաբոտաժ է կասկածում:
Biron S.A առեւտրական տանը պատկանող ցիստերններից թափված գինին հեղեղել է Օրիեն առափնյա հատվածը, որում տեղակայված են մառանները, ինչպես նաեւ հարեւան փողոցները: Օգոստոսի 3-ի կեսգիշերին, երբ ստորգետնյա կայանատեղիները ջրի տակ են անցել, տեղի բնակիչները հրշեջների են կանչել: RFI-ն հայտնում է, որ մառանի պահակը դռները ջարդելու ձայն է լսել եւ բալակլավ հագած մոտ քսան մարդ է տեսել:
Ոստիկանությունը ենթադրում է, որ տեղի ունեցածը հանցավոր գործողությունների հետեւանք է: Ավելի վաղ` հուլիսի 20-ին Գինեգործության շրջանային կոմիտեի (CRAV) անդամները մի քանի գինեգործի մեղադրել էին իսպանական գինու ներմուծման եւ գների դեմպինգի համար: Այդ ժամանակ վանդալիզմի գործողությունների էր ենթարկվել Բեզյեի դեպարտամենտի մայրաքաղաքում Vinadeis ընկերության գրասենյակը:





























