ԱՄՆ-ին եւ Իսրայելին հաջողվել է հաղթահարել ԱՄՆ-ից ֆինանսական օգնության նոր փաթեթի վերաբերյալ տարաձայնությունները: Այդ մասին հայտնում է Walla պորտալը Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնակատար, բրիգադային գեներալ Յակով Նագելի` ամերիկյան մայրաքաղաք այցելությունից հետո: Միաժամանակ Նագելը հրաժարվել է ճշտել, թե երբ կստորագրվի հրեական պետությանը ամերիկացի հարկատուների միջոցների տրամադրման մասին նոր պայմանագիրը:
Ֆինանսական օգնության շուրջ հակամարտությունը հաջողվել է հաղթահարել այն բանից հետո, երբ Իսրայելը հրաժարվել է իր պահանջից` ստացված միջոցների մի մասն օգտագործել իսրայելական ռազմաարդյունաբերական համալիրի արտադրանք գնելու համար: Ավելի վաղ Նեթանյահուն պնդում էր, թե իր կառավարությունը չի կարող հրաժարվել այդ պայմանից, որովհետեւ հակառակ դեպքում պաշտպանական արդյունաբերության մեջ հազարավոր աշխատատեղեր կկրճատվեն, հայտնում է Կուրսորը:





























